Այդ բնական հարստություններն օգտագործում է Թուրքմենիայի հզոր ինդուստրիան, որն ամբողջությամբ ստեղծվել է սովետական իշխանության տարիներին` Սովետական Միության եղբայրական մյուս ժողովուրդների օգնությամբ: Թուրքմենիան իր ընդերքի բազմաթիվ գանձեր, ինչպես նաև արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի մի մասը մատակարարում է ուրիշ հանրապետությունների: Օրինակ, թուրքմենական գազը ուզբեկականի հետ միասին հսկայական գազամուղով հասնում է Ռուսաստանի կենտրոնական շրջանները: Սովետական ողջ երկիրն իր հերթին օգնում է Թուրքմենիային` զարգացնելու տնտեսությունը, գիտությունն ու մշակույթը: Կար ժամանակ, որ այստեղ հիմնականում ուղտերն էին փոխադրում մարդկանց ու բեռները: Երբեմն «անապատի նավերն» ամիսներով, դանդաղ շարժվում էին ավազի ծովում: Այսօր երկաթուղիներով սլանում են հզոր ջերմաքարշերը` իրենց ետևից տանելով երկար գնացքներ: Կարակումի ջրանցքով բեռներ են փոխադրում նավերը: Տարբեր ուղղություններով թռչում են ինքաթիռները, անապատի ավազուտներով ձգվում են ավտոխճուղիները: Քարտեզի վրա հայտնվում են նոր բնակավայրեր` հիմնված երբեմնի անմարդաբնակ անապատում: Թուրքմենական ՍՍՀ-ի մայրաքաղաք Աշխաբադը արդյունաբերական խոշոր քաղաք է, հանրապետության գիտության և մշակույթի կենտրոնը: Աղքատ, հետամնաց երկրամասից Թուրքմենիան վեր է ածվել ծաղկուն սոցիալիստական հանրապետության: Անցյալում ընչազուրկ, անգրագետ երկրագործերն ու անասնապահներն այսօր վարում են բարդ մեքենաներ, դարձել են որակյալ մեխանիզատորներ, բանվորներ, ինժեներներ, գիտնականներ: Նրանք աշխատում են Թուրքմենստանի վերածնված հողում` իրենց ավանդը մուծելով ՍՍՀՄ-ի ժողովրդական տնտեսության, գիտության ու մշակույթի զարգացման, զարգացած սոցիալիզմի կառուցման գործում: Մինչև հեղափոխությունն իրավազուրկ ու արհամարհված թուրքմենուհու առջև այժմ բաց է դեպի կրթությունն ու հասարարակական կյանքը տանող ուղին: Այդ ի՞նչ ուժ էր, որ կարողացավ այդքան կարճատև մի պատմական ժամանակաշրջանում իրականացնել բոլոր բարեփոխումները: Այդ ուժը սոցիալիզմն է, կոմունիստական կուսակցությունը, սովետական երկրի ժողովուրդների մեծ բարեկամությունը, նրանց եղբայրական փոխօգնությունը և, ամենից առաջ, ռուս մեծ ժողովրդի օգնությունը: Այդ մասին է թուրքմեն բանաստեղծ Ռահմեդ Սաիդովի բանաստեղծությունը.
Ուսուցիչ և եղբայր, դու առաջինը
Քո գիրկը բացիր թուրքմենի համար,
Մենք եղբայրաբար քեզ տվինք մեր սիրտը
Եվ քո սիրտն ստացանք փոխարինաբար: