կամ ծանր կշռաքար է լինում, կամ զսպանակ, կամ էլ` էլեկտրական մարտկոց: Մինչև վերջերս բոլոր ժամացույցների կարևոր մասերից էին ժամը, րոպեն և վայրկյանը ցույց տվող սլաքները։ Բայց այժմ ավելի ու ավելի հաճախ են երևան գալիս առանց սլաքների ու թվատախտակի ժամացույցներ։ Ժամացույցի մակերևույթին փոքրիկ պատուհան են անում, որի մեջ, միմյանց փոխարինելով, հայտնվում են ժամերը, րոպեներն ու վայրկյանները ցույց տվող թվերը։ Իսկ որոշ ժամացույցներ ցույց են տալիս նաև ամիսը, ամսաթիվն ու շաբաթվա օրը։ Արդի գիտությունն ու տեխնիկան պահանջում են, որ ժամացույցներն ավելի ու ավելի ճշգրիտ լինեն, իսկ դա մեխանիկական ճոճանակով այլևս հնարավոր չէ ապահովել։ Ահա և ստեղծվեցին քվարցային ժամացույցները, որտեղ որպես «ճոճանակ» ծառայում է էլեկտրական հոսանքի ազդեցությամբ տատանվող քվարցի թիթեղը։ Քվարցի «ճոճանակով» ժամացույցները 30 տարում առաջ կամ ետ են ընկնում ընդամենը մեկ վայրկյանով։ Է՛լ ավելի ճշգրիտ «ճոճանակներ» որոնելիս գյուտարարների ուշադրությունը գրավեցին բարդ տատանողական շարժումներ կատարող մոլեկուլներն ու ատոմները։ Մեր ժամանակներում ատոմային և մոլեկուլային ժամացույցներն ամենաճշգրիտն են։ Ժամացույցները շատ նուրբ և ճշգրիտ մեխանիզմներ են։ Այդ պատճառով էլ ժամացույցներ պատրաստելու ընթացքում մարդը սովորում էր ստեղծել նաև ամենաբազմազան ճշգրիտ գործիքներ, սարքեր, մեխանիզմներ։ Ժամացույցի ճշգրտությունն ասացվածք է դարձել. «Աշխատում է ժամացույցի պես», նշանակում է՝ ճիշտ է աշխատում։
Ժաննա դ'Արկ
Ավելի քան հինգ հարյուր տարի է արդեն, ինչ Ֆրանսիայում հպարտությամբ ու սիրով արտասանում են սովորական մի աղջկա՝ Ժաննայի, անունը, քանզի նրա կյանքը հայրենիքի հանդեպ տածած իսկական սիրո օրինակ է։
...Ծանր ժամանակներ էին։ Անգլիացիները նվաճել էին Ֆրանսիայի մեծ մասը։ Նրանց դեմ մղվող պատերազմը շարունակվեց 100 տարի։ Ֆրանսիական ասպետները, որ միաբան չէին, կա՛մ նահանջում էին, կա՛մ էլ անցնում թշնամու կողմը, չմտահոգվելով Ֆրանսիայի ճակատագրով։ Ֆրանսիական ժողովրդի համար հարազատ երկրի ավերումը սոսկալի վիշտ էր։ Հովվուհի Ժաննայի սիրտն էլ էր կծկվում ցավից։ Նա անսահման սիրում էր գետերն ու մարգագետինները, ստվերախիտ անտառները, Դոմրեմի հայրենի գյուղի խրճիթները, այն ամենը, ինչ նրա համար հայրենիք էր կոչվում։ Նա կարողացավ ուրիշների մեջ էլ արիություն արթնացնել և