Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինդոնեզիա

(Ինդոնեզիայի Հանրապետություն)

Այս պետությունը գտնվում է ճիշտ հասարակածի մոտ, կորալյան ծանծաղուտներով շրջապատված մի քանի հազար կղզիների վրա։ Խոշոր կղզիներից են Ճավան, Սումատրան, Սուլավեսին, ինչպես նաև` Կալիմանտանը, որի միայն մի մասն է զբաղեցնում Ինդոնեզիան։ Նրա կազմի մեջ է մտնում նաև Նոր Գվինեա կղզու արևմտյան մասը։ Կան և այնքան փոքր կղզիներ, որ նրանց վրա հազիվ թե տեղավորվեն կոկոսյան արմավենու մի պուրակ և ձկնորսական մի քանի խրճիթներ, իսկ որոշ կղզիներ էլ բոլորովին անմարդաբնակ են։ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան գտնվում է Ճավա կղզում։ Ինդոնեզական բոլոր խոշոր քաղաքների նման այն նույնպես բազմադեմ է ու խայտաբղետ։ Հարուստների առանձնատները թաղված են արմավենիների, ֆիկուսների, մագնոլիաների թավ կանաչի մեջ։ Հարուստ թաղամասերի փողոցները զբոսայգիների ստվերախիտ ծառուղիներ են հիշեցնում։ Բայց բավական է թեքվես մի կողմ և շուրջդ թըշվառություն ու աղքատություն կտեսնես։ Միմյանց հենված՝ կանգնած են հնդկեղեգե (բամբուկե) պատերով ու եղեգնածածկ տանիքով խղճուկ խրճիթները։ Ողջ կահույքը հողե հատակին փռված խսիրներն են։ Հաճախ այստեղ ոչ խմելու ջուր է լինում, ոչ էլ էլեկտրականություն։ Փողոցներն այնքան նեղ են, որ երկու հեծանվորդ հազիվ են անցնում։ Ճավա կղզում կուսական անտառներ` ջունգլիներ, համարյա չեն մնացել, գրեթե ամբողջ կղզին մշակված է։ Այն երկրագնդի ամենախիտ բնակեցված շրջաններից է։ Իսկական, նախնադարյան ջունգլիներ տեսնելու համար հարկավոր է մեկնել ուրիշ կղզիներ, ուր որսորդը հաճախ իր համար ճանապարհ է բացում խիտ թավուտի միջով՝ կացնով կտրատելով լիանները։ Գետերում և ճահիճներում բնակվում են հսկա կոկորդիլոսները։ Տեղ-տեղ դեռ պահպանվել են փղերն ու վագրերը։ Կալիմանտան կղզում ապրում են մարդանման խոշոր կապիկներ՝ օրանգուտանները։ Միայն Ինդոնեզիայում կարող ես տեսնել հսկա գիշատիչ մողեսի՝ կոմոդյան վարանի, որը նման է ամենասովորական փոքրիկ մողեսի, միայն թե կոկորդիլոսի չափ մեծ է։ Ինդոնեզական կղզիներում ապրում են նաև շատ ու շատ թռչուններ։

Ինդոնեզիայում արդյունահանում են նավթ և անագ։ Գյուղացիները մշակում են բրինձ, աճեցնում կոկոսյան արմավենի, ադամաթզենի (բանան), պապայա (հնդկասեխ), որը փոքր ծառ է և տալիս է համեղ, նարնջանման միջուկով երկարավուն պտուղներ։ Տարեկան հավաքում են բրնձի երկու բերք։ Մշակում են նաև սուրճ, թեյ, շաքարեղեգ, ինչպես նաև կաուչուկատու ծառ՝ հևեյա, որի երկար շարքերը ձգվում են պլանտացիաներում։ Հևեյայի բնին հատուկ կտրվածք են անում, և այնտեղից ծառաբնին ամրացված սրածայր գավաթի մեջ է հոսում սպիտակ, թանձր հյութը։ Բանվորները հավաքում են այդ հյութը և ուղարկում ֆաբրիկաներ։ Ինդոնեզացիները հրաշալի արհեստագործներ են։ Նրանց հմուտ ձեռքերով փայտի