Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անշունչ կտորը կենդանանում է և կենդանու կամ հին առասպելի հերոսի արտահայտիչ կերպարանք առնում։ Արծաթի ձուլակտորը վեր է ածվում նրբագեղ զարդանախշված հիասքանչ սկահակի։ Իսկ Ճավայի բնակիչները հռչակված են գործվածքի վրա ազգային զարդանախշեր պատկերելու իրենց արվեստով։

Գրեթե երեք հարյուր տարի երկիրը հոլանդական գաղութարարների ճնշման տակ էր։ Ինդոնեզիայի ժողովուրդը արիաբար պայքարում էր իր անկախության համար։ 1945 թ. օգոստոսին Ինդոնեզիան հռչակվեց անկախ հանրապետություն։

Իներցիա

Հազիվ թե իրենց լավ են զգում այն ավտոբուսի ուղևորները, որի վարորդն անփորձ է. մեկ կտրուկ արգելակում է կանգառում, և ուղևորներն առաջ են հրվում, մեկ էլ թափով պոկվում տեղից, և ուղևորները ետ են ընկնում։ Իսկ ինչու է այդպես լինում։ Երբ ավտոբուսը շարժվում է տեղից, մեր ոտքերը հատակի հետ միանգամից առաջ են գնում, իսկ մարմինը դեռ շարունակում է մնալ նախկին դիրքում։ Ոտքերը «փախչում են» մեզնից, և մենք ետ ենք ընկնում։ Իսկ երբ ավտոբուսը կանգ է առնում, հակառակն է ստացվում. ոտքերը հատակի հետ արդեն կանգ են առել, իսկ մարմինը