Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանդիպել են 15-16 տարեկան, 1 մ երկարությամբ և 16-20 կգ քաշով իշխաններ: Իշխանի պաշարները պահպանելու և վերականգնելու համար ստեղծվել են մի քանի ձկնաբուծարաններ։ Լճի մակարդակի բարձրացման, հետևաբար նաև իշխանի կենսապայմանների բարելավման գործում դրական դեր ունի «Արփա-Սևան» թունելը։ Ձեռք են առնվում բոլոր միջոցները` իշխանը մեր հարազատ բնության այդ հրաշալի պարգևը, պահպանելու համար։

Իսակով Հովհաննես Ստեփանի

Կարսի մարզի Հաջիքենդ գյուղում ծնվել ու մեծանում էր մի տղա։ Նա երկար նստում էր առվակի ափին, տերևներ ու տաշեղներ նետում ջուրը, որոնք նրա երևակայության մեջ դառնում էին մեծ-մեծ նավեր, ինքն էլ՝ նրանց նավապետը։ Այդ տղան ապագա ծովակալ Հովհաննես Իսակովն էր։ 1913 թ. պատանի Հովհաննեսն ավարտում է Թիֆլիսի (Թբիլիսիի) ռեալական ուսումնարանը, մեկնում Պետերբուրգ և ընդունվում տեխնոլոգիական ինստիտուտ։ Հետո նա ավարտում է գարդեմարինյան (ծովային) դասընթացները և ստանում միչմանի կոչում։ Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը նա արդեն ծովայինի մեծ փորձ էր կուտակել, մասնակցել հեռավորարևելյան երկու արշավների, հասել Ճապոնիա, Չինաստան, Կորեա։ Հեղափոխության նախօրյակին նա ծառայության է անցնում Բալթիական նավատորմում, «Իզյասլավ» էսկադրային ականակրի վրա։ Հտկտեմբերյան զինված ապստամբության առաջին իսկ օրերից բոլշևիկների կողմն անցած Իսակովին «Իզյասլավի» հեղափոխականորեն տրամադրված անձնակազմն ընտրում է նավի հրամանատարի ավագ օգնական։ Այդ պաշտոնում էր, որ Իսակովն իր նավով մասնակցեց նշանավոր «սառցարշավին», որի ժամանակ ռուսական նավերը մի շարք ծովային մարտերից հետո Հելսինգֆորսից (Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկի) հասան Կրոնշտադ։ Սկսվել էր քաղաքացիական պատերազմը։ Դժվարին ժամանակներ էին երիտասարդ սովետական հանրապետության համար։ Կասպից ծովում տեր ու տնօրինություն էին անում անգլիական և սպիտակգվարդիական նավերը։ Հ. Իսակովը նշանակվում է Վոլգա-Աստրախանյան (հետագայում՝ Վոլգա - Կասպիական) նավատորմի «Դեյատելնի» ականակրի հրամանատար և իր նավով մասնակցում ծովային բոլոր մարտերին՝ հարվածելով ու ջախջախելով թշնամու ուժերը։ Կասպից ծովը թշնամուց մաքրելուց հետո Հ. Իսակովը նորից Բալթիական նավատորմում է՝ «Իզյասլավում», արդեն որպես հրամանատար։ Երկու տարի անց նրան գործուղում են Սևծովյան նավատորմ, որտեղ նա «Կորֆու» ականակրի հրամանատարն էր, ապա նաև` նավատորմի շտաբի օպերատիվ բաժնի պետը։ 1928 թ. նա ավարտում է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրագույն դասընթացները, իսկ մի քանի տարի անց արդեն նույն ակադեմիայի ավագ դասախոս էր, հետո՝ օպերատիվ արվեստի ամբիոնի ղեկավարը։ Նա գրում է մի շարք արժեքավոր աշխատություններ, պաշտպանում թեկնածուական դիսերտացիա։ 1937 թ. Իսակովը Բալթիական նավատորմի հրամանատարն էր, 1939 թ. նշանակվում է ՍՍՀՄ ռազմածովային ուժերի ժողկոմի առաջին տեղակալ։ 1940 թ. նրան շնորհվում է ծովակալի կոչում։

Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ Առաջին իսկ օրը Իսակովին ուղարկեցին Բալթիական նավատորմ՝ ուժեղացնելու առափնյա պաշտպանության գիծը։ Լենինգրադյան բլոկադայի դժվարին օրերին նա նշանակվում է Հյուսիս-Արևմտյան ռազմաճակատի գլխավոր հրամանատարի տեղակալ և ռազմական խորհրդի անդամ: