Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գտնելու։ Մոլախոտերը ոչնչացնող քիմիական նյութերով նրանք օդից մշակում են դաշտերը, պարարտանյութ են շաղ տալիս։ Օդային հրշեջները կարող են հայտնաբերել անտառում վառվող կրակը և մարել հրդեհը։ Ինքնաթիռներն ունեն էլի ուրիշ բազմազան մասնագիտություններ։

Իշխան

Ավանդությունն ասում է, թե ժամանակին Սևանա լճից միայն մի տեսակ սև ձուկ էր դուրս գալիս, որը վնասում էր ուտողին։ Այդ կողմերում ապրող Իշխան անունով մի մարդ, որը ճգնավոր էր, փայտից ձուկ է շինում և նետում լիճը։ Որոշ ժամանակ անց Սևանից սկսում է դուրս լողալ մի նոր, հրաշալի ձուկ, որը ճգնավորի անունով կոչվում է իշխան։ Սևանի հանրահայտ, իրոք որ հրաշալի իշխանն առաջացել է Հայաստանի լեռնային վճիտ ու սառը գետակներում ժամանակին շատ տարածված կարմրախայտից։ Յուրահատուկ կենսապայմաններ ունեցող Սևանա լիճը թափանցած կարմրախայտերն աստիճանաբար առանձնացել են իրենց ցեղակիցներից, մեկուսացել և, անցնելով ինքնուրույն զարգացման դարավոր ուղի, սկիզբ են դրել իշխանին։ Ահա այդ է պատճառը, որ Սևանի իշխանը եզակի ձուկ է, տարբերվում է ոչ միայն երկրագնդի այլ վայրերի, այլև մեր հանրապետության գետերում հանդիպող կարմրախայտից։ Գեղեցիկ, «իշխանական հանդերձներով» ձուկ է իշխանը։ Նրա արծաթափայլ, գլանաձև կամ իլիկաձև մարմինը գրեթե ամբողջությամբ պատած է խոշոր, սև, երբեմն նաև նարնջագույն կամ կարմիր պտերով։ Հապա որքա՜ն համեղ է նրա վարդագույն, չափավոր պարարտ և համարյա անփուշ միսը։ Ով երբևէ իշխան չի կերել, չի ճաշակել աշխարհի ամենաընտիր ուտելիքներից մեկը։ Երբ վրա է հասնում բազմանալու ժամանակը կամ էլ նոր է ավարտված լինում ձվադրումը, իշխանը փոխում է տեսքը, այսպես ասած «հարսանեկան զգեստ» է հագնում. արծաթափայլ գույնը դառնում է դարչնագույն, նույնիսկ, սև, մարմինը լորձապատվում է, միսը՝ սպիտակում։ Այդպիսի իշխանի մասին ասում են «բախտակացել է»: «Բախտակացած» իշխանն արդեն պակաս համեղ է։ «Հարսանեկան զգեստը» պահպանվում է ձվադրումից հետո ևս 3-6 ամիս, այնուհետև ձուկն սկսում է արագորեն սնվել և հաջորդ տարի ընդունում է իր նախկին տեսքը։ Իշխանը լինում է չորս ցեղի՝ ձմեռային իշխան, ամառային իշխան, գեղարքունի և բոջակ։ Բոլորն էլ սնվում են ջրի հատակին ապրող մանր կենդանիներով, որդերով, խըխունջներով, զանազան փափկամորթիներով։ Ամառային իշխանը ձվադրում է մայիս-հունիս ամիսներին, մյուսները՝ աշնանն ու ձմռանը։ Ձկնկիթը դնելու համար էգը ջրի հատակին փոս է փորում, հետո արուի հետ ձկնկիթը ծածկում ավազով ու մանր խճաքարով, ապա թողնում հեռանում է նոր բույն պատրաստելու։ Արուն 2-3 օր պահպանում է բույնը, այնուհետև լողում էգի մոտ, դեպի նոր բույնը։ Իսկ 2-3 ամիս անց ձկնկիթից դուրս են գալիս փոքրիկ իշխանները։ Ձմեռային իշխանն ու բոջակը ապրում են միայն լճում և իրենց բույնը հենց այդտեղ էլ փորում են, իսկ ամառային իշխանն ու գեղարքունին բարձրանում են Սևան թափվող գետերի ակունքները և այդտեղ էլ ձվադրում։ Սրանց ձկնկիթից դուրս եկած մատղաշները մոտ մի տարի ապրում են գետում, ապա անցնում լիճ։ Սևանի իշխանը կլիմայավարժեցվել է Կիրգիզիայի Իսսիկ Կուլ լճում, ինչպես նաև ՍՍՀՄ-ի մի շարք այլ վայրերի, օրինակ, Ղրիմի, Մերձբալթիկայի ջրավազաններում։ Սակայն կլիմայավարժեցված իշխանը կենսաբանական զգալի փոփոխությունների է ենթարկվել և իր համով զիջում է մեր իշխանին։ Իշխանը միջին մեծության ձուկ է։ 3-5 տարեկան հասակում նրա երկարությունը հասնում է 40 սմ-ի, իսկ քաշը՝ 400-600 գ-ի։ Միայն բոջակը, որ իշխանի գաճաճ սեռն է, համեմատաբար ավելի փոքր է. 6-7 տարեկան բոջակն ունենում է մինչև 35 սմ երկարություն և 200 գ քաշ։ Լճում