Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սլաքն անշարժ է մնում, ապա այդ ժամանակամիջոցում եղանակը նույնպես չի փոխվում։

Եղևին

֊տես Փշատերև ծառեր

Եղջերու

Եղջերուները կենդանիների մի մեծ խումբ են։ Այդ խմբի մեջ մտնում են և՛ հյուսիսային եղջերուն, և՛ Եվրոպայի անտառների բնակիչը այծյամը, և՛ հեռավորարևելյան ու սիբիրական մարալները, և՛ հյուսիսամերիկյան վիրջինյան եղջերուները, և՛ որմզդեղններն ու եղնիկները։

Ամենահետաքրքիրը, թերևս, հյուսիսային եղջերուներն են։ Նրանք հիանալի հարմարվել են դաժան պայմաններում ապրելուն։ Օրինակ, ձմռանը ձյուների միջով քայլելը դժվար է՝ թաղվում ես ձյան մեջ, իսկ հյուսիսային եղջերուները չեն թաղվում, որովհետև նրանց լայն կճղակներն օգնում են ազատ տեղաշարժվելու թե ձյան վրա, թե ճահճուտներում։ Հյուսիսային եղջերուների բուրդը ևս առանձնահատուկ է։ Մազաթելի հաստ միջուկը լցված է օդով, իսկ օդը լավ է պահպանում մարմնի ջերմությունը։ Այդ պատճառով էլ նույնիսկ ուժեղ քամու ժամանակ մորթին եղջերուին հուսալիորեն պաշտպանում է ցրտից։ Եղջերուի համար բուրդը նաև «փրկագոտի» է. հյուսիսային եղջերուները հեշտությամբ լողում են, որովհետև մազաթելերը սնամեջ են։ Բոլոր տեսակի եղջերուների միայն արուներն են, որ եղջյուրներ ունեն, մինչդեռ հյուսիսային եղջերուների թե արուները և թե էգերը եղջյուրներ ունեն։ Եղջերուները միշտ քոչում են հոտերով, որոնք երբեմն շատ մեծ են լինում, հասնում մի քանի հազար գլխի։ Հաճախ ճանապարհին վրա է տալիս բուքը։ Նման դեպքերում հոտն իրար գլխի է հավաքվում, որովհետև այդպես ավելի տաք է։