Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխատանք գտնելու համար մեկնում են ուրիշ երկրներ։ Իտալիայի աշխատավորները պայքարում են իրենց կյանքի բարելավման համար։ Այդ պայքարը ղեկավարում է Իտալական կոմունիստական կուսակցությունը։ Իտալիայի հնագույն քաղաքները, իրենց ճարտարապետական հրաշագեղ հուշարձաններով ու արվեստի գանձարաններով, հայտնի են ողջ աշխարհին։ Ամենախոշոր և հին քաղաքը մայրաքաղաքն է՝ Հռոմը, ուր պահպանվել են դեռևս մեր թվականությունից առաջ կառուցված շենքեր` կիսավեր Կոլիզեումը, որը հին Հռոմի ամենամեծ շինություններից է, հինավուրց տաճարներ և պալատներ։ Մի քանի փողոցներ ու հրապարակներ մնացել են ճիշտ այնպես, ինչպիսին էին շատ դարեր առաջ։ Այս ամենը տեսնելու համար Իտալիա են գալիս արտասահմանյան բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Ապենինյան թերակղզու արևելյան ափին է գտնվում Վենետիկը՝ նավահանգստային մի քաղաք, որը տեղավորված է 118 կղզիների վրա։ Այստեղ փողոցներին փոխարինում են ջրանցքները։ Դպրոց, խանութ կամ աշխատանքի գնալու համար պետք է նավակ նստել։ Առնո գետի երկու ափին փռված է երկրի հնագույն և ամենագեղեցիկ քաղաքներից մեկը՝ Ֆլորենցիան։ Այստեղ ծնվել, ապրել կամ աշխատել են Իտալիային համաշխարհային հռչակ բերած աստղագետ Գալիլեյը, բանաստեղծներ Դանտեն ու Պետրարկան, գիտնական ու նկարիչ Լեոնարդո դա Վինչին, քանդակագործ ու նկարիչ Միքելանջելոն։ Նեապոլի ծոցի աղեղնաձև ափին տարածվել է գեղատեսիլ Նեապոլը, որը նավահանգստային քաղաք է և Իտալիայի արտաքին առևտրի կենտրոններից մեկը։ Քաղաքի ցանկացած կետից կարող ես տեսնել Վեզուվ գործող հրաբուխը։ Նեապոլից ոչ հեռու, համանուն ծոցում, կա մի փոքրիկ կղզի՝ Կապրին, ուր մի քանի տարի ապրել է Մ. Գորկին։ Նրան երկու անգամ այցելել է Վ. Ի. Լենինը։ Մինչև այսօր էլ պահպանվել են այն պատշգամբն ու աշխատասենյակը, որտեղ նրանք զրուցել են։ Հայերն Իտալիայում հաստատվել են 6-րդ դարից։ 12-15-րդ դարերում, երբ աշխուժացան Կիլիկիայի հայկական պետության