հարաբերությունները Արևմտյան Եվրոպայի երկրների հետ, Իտալիայում հայտնվեցին ավելի մեծ թվով հայեր։ Նրանք այստեղ կառուցեցին եկեղեցիներ, հիմնեցին դպրոցներ, զարկ տվեցին տպագրական գործին։ 1512 թ. Հակոբ Մեղապարտը Վենետիկ քաղաքում տպագրեց առաջին հայերեն գիրքը։ 1717 թ. նույն Վենետիկի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզում հիմնադրվեց հայկական Մխիթարյան միաբանությունը, որն ակնառու դեր է կատարել հայ մշակույթի, հայագիտության զարգացման գործում։ Նրա վարժարանում են կրթություն ստացել հայ մշակույթի բազմաթիվ մեծանուն գործիչներ։ 1843 թ. առ այսօր Մխիթարյան միաբանությունը հրատարակում է «Բազմավեպ» հայագիտական հանդեսը։ Այժմ էլ Իտալիայում կան շուրջ 2000 հայեր, որոնք բնակվում են, հիմնականում, Միլան, Հռոմ, Վենետիկ, Ջենովա քաղաքներում։ Մշակութային սերտ կապեր են հաստատվել իտալացի և սովետահայ ճարտարապետների ու արվեստաբանների միջև։ 1968 թվականից Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտում գործում է Հայկական միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրման կենտրոն, որը հրատարակում է «Հայ ճարտարապետության վավերագրեր» մատենաշարը: 1975 թ. սկսած Իտալիայում և Սովետական Հայաստանում պարբերաբար կազմակերպվում են հայ արվեստին նվիրված գիտաժողովներ, որոնց փոխադարձաբար մասնակցում են սովետահայ և իտալացի գիտնականներ, ճարտարապետներ, արվեստաբաններ:
Իրան
(Իրանի Իսլամական Հանրապետություն)
Իրանը Սովետական Միության հարավային հարևանն է։ Երկրի տարածքի զգալի մասն զբաղեցնում են լեռները և բարձրանիստ հարթավայրերը, ուր ամռանը շատ շոգ է, իսկ ձմռանը՝ ցուրտ։ Տարին բոլոր տաք ու խոնավ է լինում Կասպից ծովի ցածրադիր ափերին միայն, ուր աճում են մշտադալար, խիտ ու փարթամ անտառներ։ Արևելքում փռված է գրեթե անմարդաբնակ Աղի մեծ անապատը, որի կարմրակավային մակերևույթը ծածկված է աղի թաղանթով։ Այստեղ աղի է, անգամ, գետերի ջուրը։ Երկրի հարավային և արևմտյան ծայրամասերին վեր են խոյանում նրա ամենաբարձր լեռները։ Էլբուրսի լեռների ստորոտին տեղավորված է Իրանի մայրաքաղաք Թեհրանը։ Նրա արվարձաններում ցածրահարկ, լուսավոր տների թաղամասերն են և հարթ տանիքներով կավածեփ խրճիթները, կենտրոնում՝ բարձրահարկ շենքերը և կանաչավետ պուրակներն ու զբոսայգիները։ Այս ու այնտեղ վեր են հառնում զարդանախշ, բազմագույն գմբեթներով և բարձր աշտարակներով մինարեներով, բազմաթիվ մզկիթներ: Իսկ հեռվում փայլփլում է հանգած հրաբխի՝ հավերժական ձյունով պատած գագաթը: Իրանը բազմազգ պետություն է։ Այստեղ ապրում են պարսիկներ, ադրբեջանցիներ, քրդեր, հայեր, թուրքմեններ, բելուջներ և այլն։ Բնակչությունը կենտրոնացած է, հիմնականում, միջլեռնային ընդարձակ հովիտներում, ուր հոսում են հորդառատ գետեր, և հողերն էլ բերրի են։ Այստեղ են տեղավորված նաև խոշոր քաղաքները, որոնք հիմնադրվել են դեռ վաղ անցյալում։ Իրանում ասում են. «Ուր վերջանում է ջուրը, այնտեղ էլ վերջանում է հողը»։ Ջուրը դեպի դաշտերն է հոսում գետերից և ջրամբարներից անցկացված ջրանցքներով կամ էլ ստորգետնյա անցքերով, որտեղ հավաքվում են գետնաջրերը։ Դաշտերում մշակում են ցորեն, բրինձ, գարի, բամբակ, շաքարի ճակնդեղ, ծխախոտ, արևածաղիկ, սոյա, քունջութ։ Այնտեղ, ուր ջուր կա, տարածված են մրգի և խաղողի այգիները, ընկուզենու պուրակները։ Այգիներում աճում են նարնջենի, խնձորենի, տանձենի, նռնենի, ծիրանենի, դեղձենի, սերկևիլենի, իսկ հարավում՝ նաև փյունիկյան արմավենիներ։ Բուծում են ոչխար, այծ, կով, գոմեշ, էշ և գյուղատնտեսական այլ կենդանիներ։ Երկու և կես հազար տարի է, ինչ իրանական պետությունը գոյություն ունի։ Եվ բոլոր դարերում էլ Իրանը հռչակված է եղել կյանքի բերկրանքը գովերգող իր բանաստեղծներով, տաղանդավոր նկարիչներով ու շինարարներով, հմուտ ջուլհակներով ու այգեպաններով։ Հարուստ է Իրանի ընդերքը։ Երկրի հարավում, Պարսից ծոցի ափին, արդյունահանում են մեծ քանակությամբ նավթ ու գազ։ Նավթն ուրիշ երկրներ են արտահանում հատուկ նավերով` տանկերներով։ Դեռ վերջերս նավթի վաճառքից ստացվող եկամտի հիմնական մասը յուրացնում էին