Եղրևանի
Գարնանը, ապրիլի վերջերին–մայիսի սկզբներին, ձեր բնակարանները, հավանաբար, հաճախ են զարդարում եղրևանու կամ, ինչպես մենք նաև ասում ենք, յասամանի գեղեցիկ, տարբեր երանգի` մանուշակագույն կամ սպիտակ ծաղիկները` իրենց հաճելի բուրմունքը տարածելով շուրջը։
Եղրևանին տերևաթափ թուփ է կամ փոքր ծառ։ Ունի պարզ, ամբողջաեզր տերևներ։ Ծաղիկները մանր են, լիաթերթ կամ պարզ, հավաքված խոշոր հուրանում ճյուղավորված ծաղկաբույլում։ Պտուղը տուփիկ է, սերմերը՝ երկարավուն։ Բազմանում է եղրևանին սերմերով, կտրոններով, պատվաստի միջոցով։
Եղրևանու հայրենիքը Արևելյան կամ Կենտրոնական Ասիան է։ Նրա սովորական և մասամբ էլ պարսկական տեսակները լավ աճում են նաև մեր հանրապետության գրեթե բոլոր շրջաններում։ Եղրևանու համար սարսափելի չէ ո՛չ սառնամանիքը, ո՛չ էլ ձյունը։ Պահանջկոտ է հողի ու խոնավության նկատմամբ: Թուփն ինքը ստվերադիմացկուն է, բայց փարթամ ծաղկում է արևի առատ լույսի պայմաններում։
Եղրևանին առհասարակ կարճատև է ծաղկում։ Բայց գիտնականներն ստացել են եղրևանու բազմաթիվ նոր սորտեր, որոնց ծաղկման ժամկետները տարբեր են։ Եվ եթե մենք մեր պարտեզներում մշակենք մի քանի տարբեր սորտեր, ապա կարող ենք շուրջ մեկ ամիս հիանալ ծաղկած եղրևանու պարգևած գեղեցկությամբ ու բուրմունքով։
Եղրևանին նաև օգտակար բույս է։ Նրա ծաղիկներից ստանում են եթերայուղեր, որոնք օգտագործվում են օծանելիքի արտադրության մեջ։
Եմեն
-տե՛ս Մերձավոր Արևելք։
Եվկլիդես
Եվկլիդեսի մասին գրեթե ոչ մի տեղեկություն չի պահպանվել։ Արժանահավատ պետք է համարել միայն այն, որ հույն գիտնականը գիտությամբ է զբաղվել Ալեքսանդրիա քաղաքում, մեր թվականությունից առաջ 3-րդ դարում, մեկ էլ այն, որ նա ալեքսանդրյան դպրոցի առաջին մաթեմատիկոսն էր։
Եվ այսպես, մենք համարյա ոչինչ չգիտենք Եվկլիդես անունով մարդու, նրա կյանքի մասին։ Բայց այսօր էլ, երկու հազար տարի անց, դպրոցում դուք սովորում եք մի առարկա՝ երկրաչափությունը, որի հիմքում ընկած է Եվկլիդեսի աշխատությունը։