Վ. Ի. Լենինի դամբարանը սովետական ճարտարապետության նշանավոր ստեղծագործություններից է, որն օրգանապես միահյուսված է Կարմիր հրապարակի վաղուց ձևավորված ճարտարապետական համալիրին:
1974 թ. Կարմիր հրապարակում և դամբարանում շինարարական ու վերականգնման մեծ աշխատանքներ կատարվեցին։ Դամբարանը նորից երեսապատվեց զուսպ ու շատ գեղեցիկ քարով։ ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ն. Վ. Տոմսկու նախագծով պատրաստվեց Վլադիմիր Իլյիչի նոր սարկոֆագը (դագաղը)։ Դեպի դամբարան է շարժվում մարդկանց անվերջանալի հոսքը։ Նրանք իրենց սրտերում խոր երախտագիտություն ու անսահման սեր են տանում մեծ առաջնորդին և ուսուցչին։
Լենինի հրապարակ Երևանում
1920-ական թվականներն էին։ Սովետական կարգերի շնորհիվ աստիճանաբար շենանում էին մեր հանրապետության գյուղերն ու քաղաքները։ Հարկավոր էր նոր ու գեղեցիկ զգեստներով զուգել նաև մայրաքաղաք Երևանը։ Եվ ահա մեծատաղանդ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը 1924 թ. կազմում է Երևանի գլխավոր հատակագիծը։ Ըստ այդ հատակագծի, քաղաքի կենտրոնում պետք է հիմնվեր հրապարակ՝ ապագա Լենինի հրապարակը։ Հրապարակի կառուցապատումն սկսվեց 1926 թ., Կառավարական տան՝ Նալբանդյան փողոցին հարող մասնաշենքի շինարարությամբ, և տևեց շուրջ հինգ տասնամյակ։ Կառուցապատվեց, հիմնականում, 1926—1958 թվականներին, բացառությամբ թանգարանների շենքի, որն ավարտվեց 1977 թ.։ Հրապարակի հարավ-արևելյան կողմն զբաղեցնող, Թամանյանի նախագծով կառուցված հոյակերտ Կառավարական տունը հայ ազգային ճարտարապետության ավանդույթների նորովի շարունակման լավագույն օրինակ է, ճարտարապետական մտքի փայլատակման մի հոյակապ նմուշ, որ ներշնչանքի աղբյուր է եղել ու դեռ կլինի սովետահայ ճարտարապետների շատ սերունդների համար։ Այս ստեղծագործության համար Ա. Թամանյանին ետմահու շնորհվել է ՍՍՀՄ պետական մրցանակ։