Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Կառավարական տան հետ ոճական միասնություն են կազմում հրապարակի մյուս շենքերը Կառավարական երկրորդ տունը, որը կառուցվել է ճարտարապետներ Ս. Սաֆարյանի և Վ. Արևշատյանի նախագծով, Արհեստակցական միությունների և Կապի տան միացյալ շենքը, «Արմենիա» հյուրանոցը և թանգարանների շենքը. վերջին երեք շենքերն էլ կառուցվել են ճարտարապետներ Ա. Գրիգորյանի և Է. Սարապյանի նախագծերով։ Հրապարակի հարավ-արևմտյան կողմում վեր է հառնում Վ. Ի. Լենինի հուշարձանը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1940 թ. նոյեմբերի 29-ին, Հայաստանում սովետական իշխանության հաստատման քսանամյա հոբելյանի օրը։ Քանդակագործ Ս. Մերկուրովի կերտած պղնձակուռ արձանը մեծ առաջնորդի կերպարի քանդակագործական նշանակալի մարմնավորումներից է։ Պատվանդանն ու տրիբունաները, որոնց հեղինակներն են ճարտարապետներ Լ. Վարդանյանն ու Ն. Փարեմուզովան, կառուցված են հղկած գրանիտից և իրենց գեղեցիկ ձևերով ու զարդաքանդակներով ներդաշնակում են հրապարակի շենքերի ճարտարապետությանը։