Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հիմալայներում կան ևս 10 ութհազարական, այսինքն՝ 8000 մետրից բարձր լեռ նագագաթներ, որոնց մեծ մասն արդեն նվաճված է։ Աշխարհի մյուս լեռնաշղթաների ամենաբարձր լեռնագագաթները յոթհազարականներ, վեցհազարականներ ու հինգհազարականներ են։ Երկրի ամենաերկար լեռնաշղթան՝ Հարավային Ամերիկայում գտնվող Անդերը, հյուսիսից հարավ ձգվում է 9000 կմ երկարությամբ։ Անդերի ամենաբարձր կետը Ակոնկագուան է (6960 մ)։ Անդերում շատ կան 5000-6000 մ բարձրությամբ հրաբուխներ։ Սովետական Միության ամենաբարձր լեռնագագաթներն են Պամիրում գտնվող Կոմունիզմի պիկը (7495 մ) ու Լենինի պիկը (7134 մ) և Տյան-Շանում գտնվող Հաղթանակի պիկը (7439 մ)։ Այդ հսկաներն արդեն նվաճված են։ Կովկասի ամենաբարձր լեռնագագաթներն են Էլբրուսը (5642 մ) և Կազբեկը (5047 մ)։ Հայոց լեռների մասին դուք կկարդաք «Հայկական լեռնաշխարհ» զրույցում։

Լևենհուկ Անտոնի վան

Անտոնի Վան Լևենհուկն ապրում էր հոլանդական Դելֆթ քաղաքում և պապի ու հոր նման բրդի առևտրով էր զբաղվում։ Եվ եթե նա այդպես էլ միայն վաճառական մնար, հազիվ թե մենք նրան հիշեինք։ Ամեն օր, ազատ րոպեներին, Լևենհուկը փակվում էր իր տան ետնասենյակում, ուր ոչ ոք չէր համարձակվում մտնել։ Այնտեղ նա խոշորացնող ապակիներ՝ ոսպնյակներ, էր հղկում և նրանց օգնությամբ զննում ջրի կաթիլներ, փայտի կտորներ, բույսերի տերևներ։ Ուռուցիկ ոսպնյակի տակ ջրափոսից վերցրած թափանցիկ, հազիվ կանաչավուն կաթիլը մի ամբողջ աշխարհի էր վերածվում, ուր բնակվում էին բազմաթիվ «մանրագույն գազանիկներ»։ Դրանցից ոմանք դանդաղաշարժ էին, մյուսները ձկնիկների նման այս ու այն կողմ էին նետվում, մի մասը փուչիկի պես կլոր էր, ուրիշները նման էին խցանահանի։ Լևենհուկը մանրազնին նկարագրում էր այն ամենը, ինչ տեսնում էր, և իր նկարագրություններին կցում այս կամ այն «գազանիկի» տեսքը պատկերող նկարներ։ Ողջ Եվրոպային հայտնի գիտնականներն անհամբերությամբ էին սպասում հոլանդացի վաճառականի նամակներին։ Լոնդոնի թագավորական ընկերության (այսպես է կոչվում Անգլիայի գիտությունների ակադեմիան) անդամները, ինքը՝ մեծն Իսահակ Նյուտոնն ու նշանավոր ֆիզիկոս Ռոբերտ Բոյլը ուշադրությամբ հետևում էին Լևենհուկի հաղորդումներին։ Լևենհուկը հայտնագործեց կենդանի էակների՝ միկրոօրգանիզմների, մինչ այդ մարդկանց անհայտ հսկայական աշխարհը, օրգանիզմներ, որոնք մեծ դեր են խաղում բնության մեջ և մարդու կյանքում։ Թեև առաջներում էլ առավել խորաթափանց առանձին մտածողներ ենթադրել էին, թե գոյություն ունեն անզեն աչքով անտեսանելի, վտանգավոր վարակիչ հիվանդություններ հարուցող էակներ, բայց Լևենհուկն առաջինն էր, որ տեսավ մանրէները։ Այդ հիանալի հայտնագործությանը նա հասավ շնորհիվ այն բանի, որ իր իսկ ձեռքով պատրաստեց այնպիսի խոշորացնող ապակիներ, որոնց մասին այն ժամանակ ոչ ոք չէր էլ պատկերացնում։ Դա, անշուշտ, մանրադիտակ կոչվող սարքը չէր։ Մի քանի խոշորացնող ապակիներից կազմված բարդ սարքերը՝ մանրադիտակները, հայտնագործվեցին բավականին ուշ։ Լևենհուկի «մանրադիտակն», ըստ էության, 300 անգամ մեծացնող ուժեղ խոշորացույց էր։ Օգտագործելով «մանրադիտակը», Լևենհուկը գտավ, որ արյունը միատարր հեղուկ չէ, ինչպես կարծում էին նրա ժամանակակիցները, այլ այնպիսի մի կենսատու հոսք, ուր շարժվում են անթիվ-անհամար