Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լող

Ամեն ոք պետք է լողալ սովորի։ Որքան մարդը տարիքով է, այնքան նա դժվարությամբ է հաղթահարում ջրավախությունը և սովորում ջրի վրա մնալ։ Մինչդեռ դպրոցականը լողալ կարող է սովորել անգամ ինքնուրույն, օգտվելով նաև ցանկացած գրադարանում եղած մասնագիտական գրականությունից։ Բայց, այ, մարզական որևէ լողաոճի տիրապետելը հնարավոր է միայն հրահանգչի ղեկավարությամբ։ Ամենաարագ լողաոճը կրոլն է. լողորդն առաջ է շարժվում` հերթով թիավարելով մեկ մի, մեկ մյուս ձեռքով և անընդհատ վեր ու վար շարժելով ոտքերը։ Ոտնաթաթերը ձգված են (բայց մկանները լարված չեն), և ձեռքի ամեն մի շարժման հետ կատարվում է մեկ ոտքի երկու-երեք շարժում։ Գլուխը շրջելով մի կողմ (աջ կամ ձախ), լողորդը մի ձեռքով թիավարման շարժումն ավարտելու պահին ներշնչում է, ապա դեմքն ընկղմում ջրի մեջ։ Կրոլ լողաոճով լողում են ոչ միայն կրծքի, այլև` մեջքի վրա։ Այս դեպքում ոտքերի շարժումները մոտավորապես նույնն են, իսկ ձեռքերը հերթով հատում են օդը, գլխի ետևով ընկղմվում ջրի մեջ և թիավարման շարժում կատարում։ Մի ձեռքը թափով վեր շարժելիս լողորդը ներշնչում է, մյուսը շարժելիս՝ արտաշնչում։ Բրաս լողաոճը համեմատաբար դանդաղընթաց է, բայց ավելի «խնայողաբեր» է՝ լողորդը քիչ է հոգնում։ Այս լողաոճով հեշտ է նաև հագուստով լողալը, եթե նման անհրաժեշտություն է ծագում։ Բրաս լողաոճի դեպքում ոտքերի շարժումները նման են գորտի ետևի թաթերի շարժումներին։ Բրասի հիման վրա առաջացել են երկու ուրիշ, ավելի արագ լողաոճեր։ Սկզբում երևան եկավ բատերֆլայը (անգլերեն բառ է և նշանակում է «թիթեռ»)։ Ոտքերը շարժում են ինչպես բրասի ժամանակ, իսկ ձեռքերը, թիավարման շարժումն ավարտելուց հետո, ջրից հանում են միաժամանակ և արագ ու թափով նետում առաջ թիավարման հերթական շարժման համար։ Այնուհետև ձևավորվեց էլ ավելի արագ, բայց կատարման առումով ամենաբարդ լողաոճը՝ դելֆինը։ Ձեռքերի շարժումները նույնն են, ինչ բատերֆլայի դեպքում, բայց ոտքերն աշխատում են այլ կերպ. լինելով համատեղ կորացած՝ նրանք միաժամանակ հարվածող շարժում են կատարում վերից վար և հակառակը։ Ընդ որում ոտքերի աշխատանքը համաձայնեցվում է իրանի ալիքաձև շարժումներին։ Կրոլ լողաոճի կամ, ուրիշ կերպ ասած, ազատ ոճի լողի մրցումներն անց են կացվում 100, 200, 400, 800 և 1500 մ մրցատարածություններում։ Մյուս լողաոճերի առաջնություններն անց են կացվում միայն 100 և 200 մ մրցատարածություններում։ Սովետական լողորդները հաջողությամբ են հանդես գալիս միջազգային մրցումներում և օլիմպիական խաղերում։

Կարդացեք հետևյալ գրքերը.

Чайковский Б. И. ЮрасикъКарасик и водяная снежинка. М., «Дет. лит.», 1970.

Жукова О. Т. Плавать может каждый. М. «Дет. лит.», 1965.

Լոմոնոսով Միխայիլ Վասիլևիչ

Լոմոնոսովը ծնվել է Արխանգելսկի նահանգում, գյուղացու ընտանիքում։ Մանկուց նա հոր հետ գնում էր ձկնորսության։ Տղան վաղ սովորեց կարդալ և բուռն ցանկություն ուներ շարունակելու ուսումը։ Այդ նպատակով նա սառեցրած ձուկ փոխադրող սայլերի հետ ուղևորվեց Մոսկվա։ Մոսկվայում, Սլավոնա-հունա-լատինական ակադեմիա ընդունվելու համար, նա ստիպված եղավ ներկայանալ իբրև ազնվականի որդի, որովհետև գյուղացու տղային չէին ընդունի։ Վեց տարի անց, ուսման մեջ ունեցած հաջողությունների համար, Միխայիլ Լոմոնոսովը գործուղվեց Գերմանիա՝ լեռնային գործ և քիմիա ուսումնասիրելու։ Գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին անցնում են տքնաջան աշխատանքի մի քանի տարի, և Լոմոնոսովն արդեն խոշոր գիտնական է։ Դժվար է պատկերացնելը, թե ինչպես կարող էր մի մարդն այդքան շատ բան անել գիտության ամենատարբեր բնագավառներում, գրականության մեջ և արվեստում։ Ֆրանսիացի մի պատմաբան, նույնիսկ, կարծել է, թե Ռուսաստանում երկու Միխայիլ Լոմոնոսով կա, մեկը՝