Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խածկտիկ

Ձմռան սկիզբն է։ Ծառերը ծածկված են արևի տակ պսպղացող ձյունով։ Կապտամոխրավուն մեջքով, ձյունաճերմակ վերնապոչով, մուգ թևերով ու պոչով կարմրակուրծք մի թռչնակ ցատկոտում է ձյան վրա։

Դա խածկտիկն է։ Գարնանը, ամռանն ու աշնանը նա ապրում է անտառներում, իսկ ձմռանը քոչում է դեպի այգիներն ու զբոսայգիները, ուր սնվում է սերմերով ու հատապտուղների մնացորդներով։ Ձմեռային զբոսայգում, մթնշաղից առաջ, երբեմն կարելի է լսել ֆլեյտայի մեղմ ու թախծոտ նվագ հիշեցնող մի երգ։ Խածկտիկն է երգում։ Երգն այֆ բավականին քաղցրալուր է, բայց մերթ ընդ մերթ ընդհատվում է ճղճղան նոտաներով։ Երգում են ոչ միայն արու, այլև էգ խածկտիկները, ինչը շատ հազվադեպ երևույթ է թռչունների աշխարհում։ Ի դեպ, էգերն արուներից տարբերվում են նրանով, որ նրանց կուրծքը ոչ թե կարմիր է, այլ ղարչնագորշավուն։

Խածկտիկը հիանալի նմանակող է և գերազանց ընդօրինակում է ցանկացած մեղեդի։ Դյուրահավատ խածկտիկը հեշտությամբ է ընկնում որսացանցի մեջ և շատ արագ ընտելանում տիրոջը՝ արձագանքելով նրա ամեն մի կանչին։ Բայց գերության մեջ խածկտիկը կորցնում է իր ալ գույնը, մգանում։ Թռչնորսները, սակայն, պնդում են, որ եթե կլոր տարին նրան կերակրեն իր սիրած հատապտուղներով, ալ գույնը կպահպանվի։

Սովետական Միության տարածքում խածկտիկները տարածված են անտառային գոտիներում։ Խածկտիկներ կան նաև մեր հանրապետությունում։ Նրանք քոչող թռչուններ են։ Վաղ գարնանը խածկտիկներն այգիներից ու զբոսայգիներից վերադառնում են հարազատ անտառի խուլ ու խաղաղ թավուտները և ծառերի վրա, գետնից ոչ շատ բարձր, բարակ շիվերից հյուսում իրենց նրբագեղ բները՝ դրանք ներսից խնամքով պատելով խոտով ու մամուռով։

Ճուտիկներին, որոնք լինում են 4-6-ը, ծնողները կերակրում են զանազան բույսերի փափուկ սերմերով, իսկ կոշտ սերմերն իրենք են ուտում։

Խածկտիկը մեր հարազատ բնությունը գարդարող թռչուններից է, և նրան պետք է խնամքով պահպանել։

Խաղաղության ծրագիր

-տես Սովետական Միությունը հանուն խաղաղության մղվող պայքարում

Խաղեր

Եթե ձեզ հարցնեն, սիրո՞ւմ եք, արդյոք, խաղալ, հավանաբար, շատ կզարմանաք։ Իրոք, ո՞վ չի սիրում խաղալ։ Աղջիկները տիկնիկ են խաղում, բռնոցի կամ «ղասարան-դասարան», տղաները՝ ֆուտբոլ, «կռիվ-կռիվ», հոկեյ։

Ի՞նչ եք կարծում, մարդու ինչին է պետք խաղը։ Պարզ չէ՞, միթե, որ ավելի ուրախ ապրի, կպատասխանեք դուք։ ճիշտ է։ Բայց գիտեք, արդյոք, որ առանց խաղի ոչ միայն տխուր, այլև պարզապես անհնար կլիներ։ Ի՞նչն է օգնել ձեզ դառնալու ճարպիկ, արագաշարժ, հնարամիտ։ Ի՞նչն է, որ սովորեցրել է չընկճվել, անհաջողություններից քիթը չկախել։ Իհարկե, խաղերը՝ սեղանի և մարզական, հանգիստ ու շարժուն։ Անցյալում, որսի կամ մարտի գնալուց առաջ, մարդիկ կազմակերպում էին ռազմաշունչ պարեր ու զինախաղեր, մրցում դիպուկությամբ, ճարպկությամբ և ուժով։ Նման մարզումները նրանց օգնում էին հաղթելու։ Պետրոս Առաջինը մանկության տարիներին ուներ, նույնիսկ, «զվարճանքի» երկու գունդ՝ Սեմյոնովյան և Պրեոբրաժենյան։ «Ցարը զվարճանում է»,-ասում էին բոյարները։ Բայց եկավ ժամանակը, և ոչ ոք չկարողացավ մարտում հաղթել Պետրոս Առաջինի լավ մարզված «զվարճալիներին»։ Ժողովրդական, այդ թվում նաև մանկական, հարյուրավոր խաղեր են ունեցել հայերը: