Տարվա յուրաքանչյուր եղանակի, տոնահանդեսի համապատասխանում էին որոշակի խաղեր։ Տոնահանդեսների ժամանակ կազմակերպվում էին, հիմնականում, մրցախաղեր՝ հետիոտն կամ ձիով։ Օրինակ, մականախաղերը, ձիարշավները, ըմբշամարտը (կոխը) տեղի էին ունենում Նավասարդյան, Բարեկենդանի, Համբարձման տոներին, հարսանեկան խնջույքների և ուխտագնացությունների ժամանակ։ Հատկապես տղաների համար կազմակերպվում էին զինախաղեր՝ նետ ու աղեղով և պարսատիկով մրցումներ։ Այդ և շատ ուրիշ խաղեր կոփում էին երեխաների մարմինը, մարզում հիշողությունը, զարգացնում ուշադրությունն ու կամքը։ Սիրված մանկական խաղեր էին «իծաշարուկները», շնչառական ուղիները մարզող «էծ-էծ» խաղերը, «գմբեթ», «բոլորվածքի» և «բերդ» խաղերը։ Ավելի փոքրերը խաղում էին «մուկն ու կատու», «քարկտիկ», «թիզ դմբուզ», ընկուզախաղեր։ Խաղեր էին նվիրված շինարարությանը («տուն-տուն»), վարուցանքին, այգի ոռոգելուն («քարափոսիկ»), կալսելուն («կալ էնել»), հովվական կենցաղին («օչխար-օչխար»)։ Այսօր էլ դուք, հավանաբար, հաճույքով եք խաղում «բերդ» շարժախաղը, «մականախաղ» մարզախաղը և ձեր հայրերից ավանդված մի շարք այլ մանկական խաղեր։ Բազմաթիվ լավ խաղեր ունեն հոկտեմբերիկներն ու պիոներները։ Դուք, անշուշտ, «նավաստի-նավաստի», «տիեզերագնաց-տաիեզերագնաց» եք խաղում,պատրաստում հրթիռների ու ամենագնացների մոդելներ։ «Արծվիկ» և «Փայլակ» խաղերը կօգնեն ձեզ կոփվելու և, երբ մեծանաք, դառնալու քաջ պատանի բանակայիններ ու հայրենիքի իսկական պաշտպաններ։ «Նեպտունը» և «Ուրախ դելֆինը» սովորեցնում են լողալ, «Լուսակիրը»՝ պատկերացում կազմել տեխնիկայի, փողոցային երթևեկության կանոնների մասին։
«Կաշվե գնդակը», «Ոսկե տափօղակը», «Թռչող գնդակը», «Հուսո մեկնարկը», «Բարեկամություն» քառամարտը մարզում են մարմինը, կոփում կամքը։
Եվ հնարավոր է, որ ձեզանից նա, ով այսօր առվակի վրա փոքրիկ պատվար է շինում կամ որևէ մոդել պատրաստում, վաղը հզոր գետի վրա ամբարտակ կառուցի, նախագծի նոր ինքնաթիռ կամ տիեզերանավ։
Ինչ էլ որ դուք դառնաք ապագայում՝ խառատ թե վարորդ, օպերատոր թե կոնստրուկտոր, ուսուցիչ թե փորձարկող օդաչու, միևնույն է, միշտ կզգաք խելացի, ուրախ, գրավիչ խաղի պահանջը։