ստանում: Բայց ամենից օգտակարը թարմ խաղողն է: Նրանով նույնիսկ հիվանդություններ են բուժում։ Բժշկության մեջ կա մի բաժին, որն այդպես էլ կոչվում է՝ խաղողաբուժություն։ Աշխարհում խաղող մշակում են մի շարք երկրներում՝ Բուլղարիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ալժիրում, ԱՄՆ-ում և այլուր։ Սովետական միությունում, մեր հանրապետությունից բացի, շատ խաղող են մշակում Մոլդավիան, Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքմենիան։ Խաղողի մի քանի հազար սորտեր կան, որոնցից մեր հանրապետությունում մշակում են ավելի քան 200-ը, ինչպես, օրինակ, Գառան դմակը, Արաքսենին, Երևանին, Կախեթը, Արենին, Ռքածիթելին, Լալվարը։ Խաղողի բերքով Հայկական ՍՍՀ-ն առաջին տեղերից մեկն է գրավում Սովետական Միությունում։ Խաղողի վազը ցրտերին չի դիմանում, այդ պատճառով էլ ցրտահարությունից պաշտպանելու համար որոշ շրջաններում, օրինակ, Արարատյան դաշտում, ուշ աշնանն այն ծածկում են հողով (թաղում են)։ Խաղողի վազերը նաև դեկորատիվ նշանակություն ունեն, նրանցով զարդարում են տաղավարները, ցանկապատերը, պատշգամբները։ Հաճախ դրանք բարձրացնում են մարդու հասակից վեր ու հենում փայտե կամ մետաղե հենակների, շատ հաճելի է նրանց ստվերում հանգստանալը։ Խաղողի բերքահավաքը, որ կոչվում է այգեկութ, շատ հին ժամանակներից հայերի ուրախության ու խնդության տոներից էր։ Տոնակատարությունն սկսվում էր օգոստոսի կեսերին։ Մինչ այդ խաղող ուտելն արգելվում էր, որպեսզի խակ խաղող չքաղեին։ Այգեկութի առաջին օրը մարդիկ սեղան էին բացում, հրավիրում իրենց ազգականներին, երգում ու պարում։ Ապա, միմյանց բարեմաղթանքներ հղելով, սկսում էին բերքահավաքը։ Այսօր էլ կոլտնտեսային դաշտերում այգեկութն ուղեկցվում է երգով ու խինդով։ Այգեկութի տեսարաններ են պատկերված միջնադարյան հայկական հուշարձանների բարձրաքանդակներում։ Առհասարակ, խաղողը հայ զարդարվեստի՝ զարդարելու արվեստի, զանազան տեսակների՝ խաչքարերի, զարդաքանդակների, մանրանկարչության ամենասիրելի զարդանախշերից է։ Խաղողի մասին այս զրույցը կարդալուց հետո ձեզ համար ավելի հասկանալի կդառնա, անշուշտ, թե ինչու Հայկական ՍՍՀ–ի պետական գերբի վրա պատկերված է նաև խաղողի ողկույզ:
Խանջյան Աղասի Ղևոնդի
1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ դատարկվեց նաև Արևմտյան Հայաստանի՝ հազարամյակների պատմություն ունեցող Վան քաղաքը։ Դեպի Ռուսաստան ձգվող գաղթականների անվերջանալի շարքում էր և Խանջյանների ընտանիքը։ Աղասին շարունակեց ուսումը Երևանի թեմական դպրոցում, իսկ այնուհետև՝ Էջմիածնի ճեմարանում։ 1917 թ. 16 տարեկան պատանին արդեն բոլշևիկյան կուսակցության շարքերում էր։ Այդ նա էր, որ Ղուկաս Ղուկասյանի հետ նույն տարում կազմակերպեց Երևանի երիտասարդ մարքսիստ ինտերնացիոնալիստների միությունը, իսկ 1919 թ. նույն Ղ. Ղուկասյանի և Արմենակ Բուդաղյանի հետ հիմնադրեց Հայաստանի երիտասարդ կոմունիստների «Սպարտակ» կազմակերպությունը։ Երկու անգամ ձերբակալվեց և դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Մայրը որդուց երկտողեր էր ստանում. «Մի մտածիր, մայրիկ, շուտով կգանք.. »
Եվ եկավ, Հաղթական կարմիր դրոշով եկավ։ Հայաստանում հաստատվեցին սովետական կարգեր։ Քսան տարեկան Աղասի