Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խաղող

Աշուն է, հայոց աշխարհի բարեբեր աշունը։ Արարատյան դաշտում կանաչին են տալիս խաղողի փարթամ այգիները։ Վազերին աչքով են անում արևահամ մրգի ողկույզները` սև, սպիտակ, ոսկեգույն, վարդագույն, մանուշակագույն... Այնքան գայթակղիչ են, որ հազիվ ես զսպում քաղելու և ճաշակելու ցանկությունդ։ Գիտնականները դեռ այսօր էլ վիճում են, թե որն է խաղողի հայրենիքը։ Մի բան պարզ է, սակայն, որ Հայաստանը խաղողի մշակության՝ այգեգործության, հնագույն և ինքնուրույն կենտրոններից է։ Այդ են վկայում մեզանից շուրջ երեք հազար տարի առաջ կառուցված Կարմիր բլուր և Էրեբունի բերդաքաղաքների պեղումների ժամանակ հայտնաբերված գինու մառանները, կարասները, խաղողի ածխացած սերմերը։ Ենթադրվում է, որ խաղողի հայկական հինավուրց սորտերի մեծ մասը սերում է տեղական վայրի տեսակից։ Գառան դմակ խաղողը լուսասեր ու ջերմասեր բույս է, հողի նկատմամբ ոչ պահանջկոտ։ Նրա վազը լիան է և կարող է հասնել մինչև 20–30 մ երկարության. խաղողի տերևները պարզ են, բլթակավոր։ Ծաղիկները դեղնականաչավուն են, աննշմարելի։ Պտուղը 1-4 կորիզանի հյութալի հատապտուղ է։ Կան նաև անկորիզ, այսպես կոչված քիշմիշային սորտեր։ Խաղողի հատապտուղները պարունակում են մարդուն շատ օգտակար նյութեր՝ շաքարներ, օրգանական թթուներ, վիտամիններ։ Խաղողը վերամշակում են, պատրաստում հյութ, դոշաբ, մուրաբա, կոմպոտ, և, անշուշտ, ձեր շատ սիրած չամիչն ու ընկույզի միջուկով սուջուխը։ Խաղողից են ստանում գինին ու կոնյակը։ Եվ մեր հրաշալի խաղողների շնորհիվ է նաև, որ հայկական շատ գինիներ ու կոնյակներ միջազգային տոնավաճառներում արժանացել են ոսկե և արծաթե մեդալների։ Խաղողի թափոններից ներկեր են պատրաստում։ Դրանք օգտագործում են նաև որպես կեր ու պարարտանյութ։ Սերմերից յուղ են