Խեժափիճու անտառները կազմում են Սովետական Միության «կանաչ ծովի» 2/5 մասը։ Գեղեցիկ, սլացիկ խեժափիճին, որ կոչվում է նաև կվենի, հաճախ աճեցնում են զբոսայգիներում։ Նրա ասեղնաձև տերևները խիտ են, բայց փափուկ։ Աշնանամուտին ծառը նուրբ ոսկեգույն զգեստ է հագնում, իսկ ձմռանը, սաղարթավոր ծառերի նման, տերևաթափվում է։
Հայաստանի բնական անտառներում խեժափիճի չի աճում, սակայն նախալեռնային մի շարք շրջանների արհեստական տնկարկներում և պուրակներում դուք կարող եք հանդիպել խեժափիճու որոշ տեսակների։
Խիղճ և պատիվ
Հնարավոր է, պատահած լինի, որ դուք որևէ վատ, անարդար կամ անազնիվ գործ կատարած լինեք ու թաքցրած բոլորից։ Ու թեև ձեր արարքի մասին ոչ ոք չգիտե, դուք կորցնում եք ձեր հանգիստը, վատ եք զգում ձեզ։ Ուզում եք գիրք կարդալ, չեք կարողանում, բակ եք գնում խաղալու, չի ստացվում։
Ասում են, թե դա խիղճն է, որ տանջում է մարդուն, հանգիստ չի տալիս։
Խիղճը մարդկային ամենազարմանալի հատկություններից է։ Այն, ասես, պայծառ ու վճիտ մի լույս լինի, որ լուսավորում է հավասարաչափ, երբ ձեր և ուրիշների հոգում ամեն ինչ խաղաղ է ու հանգիստ։ Հավանաբար, լսել եք, երբ որևէ մեկի մասին ասում են. «Նա մաքուր խղճով մարդ է»։ Այդպիսիներն աշխարհի ամենալավ մարդիկ են։ Նրանք ոչ միայն իրենք են արդարացի վարվում, այլև պայքարում են անարդարության դեմ։ Նրանք են, որ մարտնչել ու մարտնչում են ստրկության ու հարստահարման, պատերազմի ու ֆաշիզմի դեմ։ Եվ դուք, անտարակույս, ինքներդ կարող եք թվարկել նրանցից շատերի անունները։
Մարդն ինքը կարող է իր մեջ խիղճ դաստիարակել։ Եվ դա պետք է անել արդեն այսօր, դպրոցական տարիներին։
Դուք, անկասկած, գիտեք, որ որոշ երեխաների հետ հաճելի չէ ոչ միայն ընկերություն անելը, այլև, անգամ, խաղալը, որովհետև նրանք իրենց շատ անազնիվ են պահում։ Տափկնոցի խաղալիս ծածուկ նայում են, շաշկի խաղալիս՝ խարդախում, «ազնիվ խոսք» են տալիս ու հետո դրժում այդ խոսքը։ Անազնիվ վարվելիս նրանք չեն էլ զղջում, իսկ երբեմն էլ նույնիսկ պարծենում են, թե «Տեսաք, ինչ ճարպիկն էի»։
Նրանք պարզապես չեն հասկանում, թե որքան դժվար կլինի իրենց համար ապրելը։
Չէ որ պատվազուրկ ու անազնիվ մարդկանց ոչ ոք չի սիրում։ Իսկ ի՞նչ է պատիվը և ինչո՞ւ է այն հարկավոր։ Ինչո՞ւ են ասում՝ ստեղծված կացությունից նա պատվով դուրս եկավ, չարատավորելով իր մարդկային արժանապատվությունը։ Պատիվ ունեցողն արժանավոր, ամենքի հարգանքը վայելող մարդ է։
Պատիվն այն է, ինչի համար հարգում են մարդուն։ Պատահական չէ, որ մարդիկ պահպանում են իրենց պատիվը, հետևում, որ չարատավորեն այն վատ արարքով։ Նման մարդիկ իրենց հարգելու հիմք ունեն։
Պատիվ կարող է ունենալ նաև ամբողջ մի կոլեկտիվ: Դուք, հավանաբար, լսել եք, երբ ասում են. «նավի պատիվը», «գործարանի պատիվը», «ջոկատի պատիվը»: Եթե ձեր պիոներական ջոկատն աչքի է ընկնում լավ աշխատանքով ու առաջադիմությամբ, մի ծույլիկն անգամ կարող է արատավորել ջոկատի պատիվը: Պահպանեցեք ջոկատի պատիվը, ինչպես կպահպանեիք ձեր սեփական պատիվը:
Խլահավ, ցախաքլոր, աքար
Այս բոլոր թռչունները բնադրում են գետնին ու ծառերի վրա և հեռու չեն թռչում իրենց «ծննդավայրից»։ Ձնառատ ձմռանը, ուշ երեկոներին, ծառից ընկնում են ձյան մեջ ու այնտեղ էլ գիշերում։ Մի զարմանահրաշ տեսարանի ես ականատես լինում, երբ ձյան տակից դուրս են թռչում թռչունները։ Ահա դու սահում ես դահուկներով, շուրջդ կաթնագույն հարթություն է, արևի տակ փայլփլում են ձյան փաթիլները։ Եվ հանկարծ ոտքերիդ տակից դուրս է պրծնում թռչունների մի ամբողջ երամ՝ այնպիսի աղմուկով թափահարելով թևերը, որ ասես կողքիդ կտավ են պատառոտում, ձյան փոշին էլ լցվում է աչքերդ։
Այս թռչունները ճտեր են հանում մայիսի վերջին—հունիսի սկզբին։ Ձվադրում են գետնին, որևէ փոսիկի մեջ, ուր բերում հավաքում