Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ուրիշ ծառատեսակներ ու բույսեր։ Հետզհետե հարստանում է նաև արգելանոցի կենդանական աշխարհը։ Արգելանոցում կան հայկական մուֆլոն (վայրի ոչխար), բեզոարյան այծ, վարազ, նապաստակ, աղվես, ընձառյուծ, լուսան, կզաքիս, գայլ, գորշուկ, ուսուրական բծավոր եղջերու, բազմատեսակ թռչուններ, սողուններ։

Խոսքի մշակույթ

Կար մի դպրոցական տղա, որն աշխարհագրություն շատ էր սիրում և հավատացած էր նաև, թե գեղեցիկ էլ խոսում է։ Մի անգամ աշխարհագրության ուսուցիչը նրան դաս հարցրեց։ Դասն Աֆրիկայի մասին էր։ Տղան շատ աշխույժ սկսեց. «Աֆրիկան, ուրեմն, Երկրի ամենամեծագույն մայրցամաքներից մեկն է։ Այստեղ, ուրեմն աճում են, անանցանելագույն անտառներ, որտեղ բնակվում են, ուրեմն, հսկայագույն փղեր, գերհաստակաշի գետաձիեր, գերվտանգագույն առյուծներ։ Աֆրիկայում, ուրեմն, հոսում են վիթխարագույն գետեր...»։ Ուսուցիչը մինչև վերջ լսեց նրան, ապա մեղմորեն ասաց. «Դու դասդ գերազանց գիտես։ Երևում է, աշխարհագրություն սիրում ես։ Բայց շատ անփույթ ես վարվում սեփական խոսքիդ հետ։ Ամեն երկու բառից հետո անհարկի «ուրեմն» ես ասում։ Հավանաբար, կարծում էս նաև, որ եթե հսկա փղին հսկայագույն ասես, իսկ գետաձիուն՝ գերհաստակաշի, քեզ լսողն ավելի լավ կպատկերացնի, թե ինչպիսին են նրանք։ Դա ճիշտ չէ, և քո պատասխանն ավելի լավը կլիներ, եթե հետևեիր խոսքիդ պարզությանը...»։

Հնարավոր է, որ զարմանաք, բայց այդ հանգիստ դիտողությունը խորապես ներգործեց տղայի վրա։ Այդ «գերերից» ու «ագույններից» ազատվելը հեշտ եղավ, իսկ ա՜յ «ուրեմնների» բանն ավելի դժվար էր։ Եվ այնուամենայնիվ տղան չհանգստացավ այնքան ժամանակ, մինչև որ չազատվեց այդ մակաբույծ բառերից։ Տղան վաղուց է հասունացել և դարձել գիտնական ու գրող: Հիմա նրան հաճախ գովաբանում են իբրև լավ հռետորի, և նա ամեն անգամ հիշում է աշխարհագրության իր ուսուցչին, որն առաջինը բացատրեց, թե ինչ է նշանակում «խոսքի մշակույթ» կամ «կիրթ խոսք»։

Հեշտ չէ մի քանի բառով թվել այն բոլոր պահանջները, որոնց կատարումը մեզ ստիպում է ասելու, թե «Այս մարդը գեղեցիկ է խոսում՝ մաքուր, պարզ ու ճիշտ... Մի խոսքով, կիրթ է վերաբերվում իր խոսքին»։ «Խոսքի մշակույթ» հասկացությունը շատ բան է պարունակում իր մեջ։ Բայց առաջին հերթին պետք է պայքարել մակաբույծ բառերի, ամեն տեսակ «ուրեմնների», «այսպես ասածների», «հասկացարների» դեմ... Պետք է ամեն կերպ զգուշանալ սեփական խոսքը տնավարի, կոպիտ, ժարգոնային, կեղծ մտերմիկ արտահայտություններով խճողելուց։ Ջանացեք շատ գրքեր կարդալ և ուշադիր կարդալ։ Ականջ դրեք, թե ռադիոյով ու հեռուստատեսությամբ ինչպես են խոսում հաղորդավարները, գրողները, հայտնի դերասանները։ Տանը ունեցեք որևէ լավ բառարան, ասենք, օրինակ, Հայկազյան բառարանը կամ Էդ. Աղայանի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը», իսկ ռուսերենի համար՝ Ս. Ի. Օժեգովի «Ռուսաց լեզվի բառարանը», որպեսզի,