որևէ նոր բառ լսելիս, իմանաք՝ դա գրակա՞ն լեզվի բառ է, ինչ է նշանակում և ինչպես է գործածվում։
Խորանարդ և զուգահեռանիստ
Ինչպիսի խորանարդիկներ ասես, որ չեն նվիրել ձեզ մանուկ հասակում՝ է՛լ փայտե ու պլաստմասսայե, է՛լ կարմիր ու կապույտ, մեծ ու փոքր... Եվ բոլոր այդ խորանարդիկները եղել են խորանարդների մեծ ընտանիքի հարազատ եղբայրները։
Յուրաքանչյուր խորանարդի բոլոր վեց նիստերն էլ (4 կողմնային նիստեր և 2 հիմք) միանգամայն նույնանման քառակուսիներ են։ Խորանարդի բոլոր 12 կողերը միևնույն երկարությունն ունեն, այնպես որ խորանարդի թե՛ երկարությունը, թե՛ լայնությունը և թե՛ բարձրությունը նույնն են։ Ուստի, եթե ցանկանում եք ինքներդ խորանարդ պատրաստել, նայեցեք այստեղ գծված պատկերին և նկարեք 6 միանման քառակուսիներ՝ 4-ը մի շարքում, մեկը՝ վերևում, մեկն էլ ներքևում, կտրեք անջատեք այդ պատկերը, 5 տեղից ծալեք և խորանարդ սոսնձեք։
Թե ինչ է խորանարդը, դուք արդեն հասկացաք։ Իսկ, այ, «զուգահեռանիստ» բառը ձեզ դեռևս անծանոթ է։ խորանարդը նույնպես զուգահեռանիստ է՝ ձեզ հայտնի առաջին զուգահեռանիստը։ Եթե խորանարդը սղոցենք նիստերին զուգահեռ, ապա կստացվեն արդեն երկու նոր զուգահեռանիստեր։ Խորանարդի այդ մասերից յուրաքանչյուրը կարելի է նորից սղոցել։ Այդ կերպ շարունակելով, կարելի է ստանալ նորանոր զուգահեռանիստեր։
Այդպիսի զուգահեռանիստերը կոչվում են ուղղանկյուն զուգահեռանիստեր, որովհետև նրանց չորս կողմնային նիստերի և երկու հիմքերի բոլոր անկյուններն էլ ուղիղ են։ Բայց կան նաև այնպիսի զուգահեռանիստեր, որոնց հիմքերը ոչ թե ուղղանկյուններ են, այլ զուգահեռագծեր, այսինքն՝ զուգահեռ, բայց ոչ անպայման ուղղահայաց կողմերով քառանկյուններ։ Դեռ ավելին, զուգահեռագծեր կարող են լինել նաև կողմնային նիստերը, այնպես որ զուգահեռանիստը կարող է թեքված լինել դեպի հիմքը։
Մեր շուրջը բազմաթիվ զուգահեռանիստեր կան, հատկապես ուղղանկյուն զուգահեռանիստեր։