Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գրիգի «Սոլվեյգի երգը», Բրամսի «հունգարական պարերը», Պրոկոֆևի «Պետյան և գայլը» սիմֆոնիկ հեքիաթը, Կոմիտասի «Անտունին», Սպենդիարյանի «Երևանյան էտյուդները»։ Հետո արդեն ձեզ համար ավելի հեշտ կլինի օպերաների, բալետների, խմբերգային երաժշտությանը, զանազան մենակատարային նվագարանների և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված ստեղծագործություններին ծանոթանալը:

Կարդացեք հետևյալ գիրքը.

Гульянц Е. И. Сказка о Золушке, балете и музыке. М., «Советский композитор», 1972.

Երաշտահավ

Այս թռչնակին կարող ես հանդիպել թե՛ գյուղում,թե՛ քաղաքում:Ձմռանը նա անպայման մոտ է թռչում լուսամուտին, ասես, ուզում է հիշեցնել, թե՛ «դրսում ցուրտ է, կեր չկա: Լավ կլինի, բառեկամս, թռչունների համար կերաման կախես»: Բայց, այ, ամռանը երաշտահավերին գրեթե չես տեսնի: Սպիտակ այտիկներով այդ փոքրիկ թռչնակը ողջ օրն զբաղված է՝ կեր է հայթայթում քաղցած ճուտիկների համար։ Երաշտահավերը մինչև տասնհինգ ձագ են ունենում։ Ամռան ընթացքում ձագ են հանում երկու անգամ: Թռչնակն էլ ահա անընդհատ թռիչքի մեջ է՝ բնից դեպի ծառը, ծառից դեպի բույնը։ Հենց մի որդ է գտնում, իսկույն ձագերին է տանում։ Ձմռանը երաշտահավերին պետք է լրացուցիչ կերակրել և նրանց համար տնակներ կախել։ Ցուրտ եղանակին թռչուններն ուտում են արևածաղկի սերմեր, կանեփ, դդմի և ձմերուկի կորիզներ։ Ամուր կեղևով կորիզները թռչնակներին պետք է տալ ճզմած, այլապես դժվար կլինի դրանք կտցահարելը։ Երաշտահավերը նաև մեծ հաճույքով միս են պոկոտում ոսկրի վրայից կամ էլ կտցահարում անալի ճարպը, աղի ճարպից նրանք կարող են սատկել։ Երաշտահավերի սեռը մեծ է։ Կան սև, մեծ, փուփուլավոր, երկնագույն, բմբուլավոր երաշտահավեր։ Այս վերջինն, ասես, թռչուն չէ, այլ ծխագույն աղվամազե գնդիկ։ Սրանք ապրում են անտառներում, ծառի փչակներում։ Բարակ ծվծվոցով ճյուղից ճյուղ են թռչկոտում և որդեր, բզեզներ ու թիթեռների ձվեր հավաքում։ Շատ են սիրում փայտփորիկի ընկերակցությունը, որովհետև նրա կողքին կարելի է միշտ կուշտ լինել։ Ահա անտառով մեկ տարածվել է փայտփորիկի թխկթխկոցը ծառին։ Դես ու դեն է թռչում ծառաբնի՝ տաշեղի վերածված կեղևը, և փայտփորիկը կտցահարում ուտում է կեղևակերներին։ Բայց բոլորին ուտել չի հասցնում, և նրանց մի մասն էլ ահա բաժին է ընկնում երաշտահավերին։ Փայտփորիկին անվանում են անտառի բժիշկ, իսկ երաշտահավերին լիիրավ կարելի է կոչել անտառի սանիտարներ։