Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապրուստ վաստակող աշխատավոր մարդուն։ Այդ շնչով են գրված նրա «Մեր դարը», «Սերմնացան», «Երկրի մշակներ» բանաստեղծությունները։ 1901 թ. լույս տեսավ նրա «Գրչի հանաքներ» երգիծական ոտանավորների ժողովածուն՝ Վ. Սուրենյանցի պատկերազարդումով, որտեղ նա ծաղրում էր ագահ հոգևորականներին, կեղծ բարերարներին։ Ծատուրյանի մի շարք բանաստեղծություններում, ինչպես, օրինակ, «Տուր ձեռքդ, ընկեր», «Զինվորի երգը», «Ո՜ւր ես, հայ բլբուլ», «Հերիք է, ազգ իմ», արտացոլված են հարազատ ժողովրդի կրած տառապանքն ու վիշտը, նրա ազգային-ազատագրական պայքարն ընդդեմ օտար նվաճողների։ Նրա ստեղծագործության մեջ մեծ տեղ են գրավում մորը նվիրված («Մայր», «Որբի հիշատակարանից») և բնության թեմաներով գրված («Բնության գրկում», «Առավոտյան երգ» բանաստեղծությունները, «Ղրիմի ալբոմից» շարքը) ստեղծագործությունները։

1905-1907 թվականների ռուսական առաջին հեղափոխության ժամանակ նա գրեց «Բանվորուհու օրորը» բանաստեղծությունը, որտեղ երգում էր «բանվոր գնդերի» հերոսական կռիվը հանուն արդարության ու ազատության։ Ընթերցողների քանի՜ սերունդ է ոգեշնչվել Ծատուրյանի «Նավավար», «Ա՜յ վարդ, լսիր աղաչանքիս», «Մի լար, բլբուլ» և այլ բանաստեղծություններով, որոնցից մի քանիսի տեքստերով երգեր են գրել կոմպոզիտորներ Ա. Սպենդիարյանը, Ա. Տեր-Ղևոնդյանը։ Ժողովրդի մեջ շատ տարածված է Նրա «Նավավար» բանաստեղծության տեքստով ստեղծված երգը։ Նրա պոեզիայի շատ նմուշներ տեղ են գտել մայրենի լեզվի ու գրականության դասագրքերում։ Դուք բոլորդ էլ, անշուշտ, գիտեք Ծատուրյանի «Գիր» բանաստեղծությունը.

Կարդա, այ իմ խելոք մանուկ,
Կարդա, գրիր տարին բոլոր,
Կարդացողի խելքն է կտրուկ,
Միտքը պայծառ ու լուսավոր:

Գիրք կարդալով՝ դու գրքերում
Շատ նորանոր բան կիմանաս,
Շատ շատերից շատ բաներում
Մտքով հեռու կսլանաս:

Պատգամի նման հնչող այս տողերը ժամանակին արտասանվել են նաև ձեր տատիկների ու պապիկների, մայրերի ու հայրերի շուրթերից։ Ծատուրյանը հայտնի է նաև որպես շնորհալի թարգմանիչ։ Նա մեծ ճաշակով է թարգմանել Ա. Պուշկինի, Ի. Տուրգենևի, Մ. Լերմոնտովի, Ա. Կոլցովի, Ն. Նեկրասովի, Ջ. Բայրոնի, Հ. Հայնեի, Վ. Հյուգոյի մի շարք բանաստեղծություններ։

Ծիածան

Շոգ, տոթ օրվա վերջին ամպեր կուտակվեցին, և անձրև տեղաց։ Երբ այն դադարեց, հորիզոնի վրա շողաց մայր մտնող արևը։ Եվ այդ ժամանակ ցրվող մութ ամպի տակ, երկրին հենված հսկայական կամարի պես, հայտնվեց ծիածանը՝ կազմված աննշմարելիորեն մեկից մյուսին անցնող յոթ հստակ գույներից՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն։ Ի՞նչ է ծիածանը։ Ինչու օդում նման հրաշք առաջացավ։

Դրա պատճառն Արեգակի լույսն է, որը կարծես սպիտակ է, այնինչ իրականում կազմված է յոթ գույնից։

Երբ Արեգակի ճառագայթներն անցնում են օդի միջով, մենք դրանք տեսնում ենք որպես սպիտակ լույս։ Բայց ահա նրանց ճանապարհին հայտնվեց անձրևի մի կաթիլ։ Սա ձևով նման է պրիզմայի (հատվածակողմի)՝ երկրաչափական պատկերի, որի մասին դուք կկարդաք «Պրիզմա և գլան» զրույցում։ Երբ Արեգակի ճառագայթն