Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անցնում է ապակե պրիզմայի կամ անձրևի կաթիլի միջով, լույսը կազմող տարագույն ճառագայթները բեկվում են տարբեր անկյուններով։ Ամենից քիչ բեկվում են կարմիր, ամենից շատ մանուշակագույն ճառագայթները։ Սպիտակ ճառագայթը տրոհվում է բաղադրիչ ճառագայթների, և պրիզմայի ետևում գտնվող պատին հայտնվում է գույնզգույն, գեղեցիկ շողք, իսկ երկնքում՝ ծիածան։ Ծիածանի կամարի արտաքին շերտը սովորաբար կարմիր է լինում, ապա հաջորդում են ծիածանի սպեկտրի մյուս գույները մինչև կապույտն ու մանուշակագույնը։ Հայերը ծիածանն անվանել են նաև ծիրանի գոտի, տիրկան կամ տիրական գոտի՝ կապված դպրության աստված, արվեստների հովանավոր Տիրի անվան հետ, իսկ ըստ Անանիա Շիրակացու վկայության՝ աստվածակամար։

Ծիծեռնակ

Ուղղաբերձ, զառիթափ ափին սևին են տալիս գետնափոր բները։ Ովքե՞ր են ապրում այնտեղ։ Երկար կռահելու հարկ չի էլ լինում, բներից անընդհատ դուրս ու ներս են թռչում ճարպիկ ու արագաշարժ թռչուններ։ Այդ նրանք են կտուցով ու ճանկերով ջրի ափին իրենց համար խոր բներ փորել։ Դրա համար էլ նրանց անվանում են առափնյա։ Նման թռչունների կարելի է հանդիպել թե՛ քաղաքում և թե՛ գյուղում։ Բայց այս վայրերում նրանք բները շինում են հողի կնձիկներից՝ դրանք միմյանց ամրացնելով իրենց կպչուն թքով։ Այդ թռչունները ծիծեռնակներն են։

Ծիծեռնակներն ապրում են տարբեր վայրերում, միմյանցից զանազանվում թե՛ արտաքինով, թե՛ ապրելակերպով։ Բայց բոլորի թևերն էլ նեղ են, երկար, ծայրերը՝ սուր, քաղաքային ու առափնյա ծիծեռնակների պոչի բացվածքը լայն չէ, իսկ գյուղականինը մկրատաձև է։ Ծիծեռնակների թռիչքին նայելիս կարելի է կարծել, թե նրանք հենց այնպես խայտում են, խաղում, «լողանում» արևի ճառագայթներում։ Իրականում նրանք անդադար «աշխատում» են՝ միջատներ են որսում։ Ժողովուրդը ծիծեռնակների հետ մի նախանշան է կապել, եթե նրանք բարձր են թռչում, լավ եղանակ է լինելու, ցածր են թռչում, անձրև է գալու։ Նախանշանը ճիշտ է, բայց բանն այստեղ ոչ թե ծիծեռնակներն են, այլ այն միջատները, որոնց նրանք որսում են։ Անձրևից առաջ, երբ օդն ավելի