Է խոնավանում, միջատների թևիկներն ուռչում են և, ծանրանալով, նրանց ներքև քաշում։ Ծիծեռնակները միջատներին որսում են միայն օդում։ Իսկ հե՞շտ է, արդյոք, այնքան միջատ որսալ, որ թե՛ ինքը կշտանա, թե՛ ձագուկները։ Եվ ահա ծիծեռնակն ամբողջ օրը, մինչև մութն ընկնելը, անց է կացնում օդում, սոսկ երբեմն հանգստանալու նստում հաղորդալարին կամ ծառի բարակ ոստին։ Ծիծեռնակները հազվադեպ են իջնում գետնին, որովհետև վատ են քայլում և գետնից էլ դժվարությամբ են վեր թռչում։ Ջուրն անգամ խմում են թռչելիս՝ կտուցով որսալով կաթիլը։ Գարնանը մեր հանրապետության տարածքում գտնվող իրենց բներն են վերադառնում գյուղական ու քաղաքային, լեռնային ու առափնյա ծիծեռնակները՝ գարնան այդ ավետաբերները։ Հայերի շատ սիրելի թռչուններից է ծիծեռնակը։ Պատահական չէ, որ նրա անունով են կոչվել հայկական հին բնակատեղիներ, ճարտարապետական հուշարձաններ։ Դրանցից են, օրինակ, Ծիծեռնակաբերդը Երևանում, ուր կառուցված է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող և հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող հուշարձանը, 5-6-րդ դարերի Ծիծեռնավանքը Գորիսի շրջանում։ Նրա անունն է կրում նաև ձեր սիրելի ամսագրերից մեկը՝ «Ծիծեռնակը»։ Ծիծեռնակը ներշնչանքի աղբյուր է եղել հայ գրողների ու բանաստեղծների համար։ Ձեզանից շատերն են, հավանաբար, երգում Գևորգ Դոդոխյանի «Ծիծեռնակ» բանաստեղծության խոսքերով ստեղծված հանրահայտ երգը, որը, «Կռունկ» երգի նման, դարձել է հայրենիքի կարոտի ու հայրենասիրության խորհրդանիշ.
Ծիծեռնակ, ծիծեռնակ,
Դու գարնան սիրուն թռչնակ.
Դեպի ուր, ինձ ասա,
Թռչում ես այդպես արագ
Ա՜խ, թռիր, ծիծեռնակ,
Ծնած տեղս՝ Աշտարակ.
Անդ շինիր քո բույնը
Հայրենի կտուրի տակ
Ծիրանենի
Վաղ գարնանը, երբ բնությունը նոր-նոր զարթոնք է ապրում, ուշադրություն են գրավում դեռևս տերևազուրկ, բայց սպիտակ ծաղիկների փարթամ պսակով զուգված, 12-15 մ բարձրության հասնող ծառերը։ Մեղուներն աշխուժորեն նեկտար են հավաքում նրանց ծաղիկներից։ Ամռանն այդ ծառերը զարդարվում են համեղ, հյութալի, կարմրադեղին պտուղներով։ Դա մեր ծիրանենին է, որն աշխարհին հայտնի է «արմենիակա» անունով։
Հայաստանը ծիրանենու մշակության հնագույն և ինքնուրույն կենտրոն է։ Այդ են վկայում Գառնիի պեղումների ժամանակ հայտնաբերված, 6000 տարվա հնություն ունեցող ծիրանի կորիզները, ինչպես նաև մեր բնաշխարհում այժմ էլ աճող ծիրանենու վայրի տեսակները։ Ենթադրվում նաև, որ ծիրանը «արմանու» անունով հայտնի է եղել մեր թվականությունից առաջ