Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծառերից հնդկացիները վարպետորեն պատրաստում էին թեթև մակույկներ՝ կանոեներ:

Դեռ այսօր էլ անտառներում կանգնած են արտասովոր տոտեմներ՝ ամբողջական ծառերից հատված հսկայական սյուներ, որոնց վրա պատկերված են ահռելի աչքերով հրեշներ, երկարակտուց թռչուններ և այլ բազմատեսակ կենդանիներ, որոնց երկրպագում էին հնդկացիները։ Կարճ ժամանակում հնդկացի բազմաթիվ ցեղեր բնաջնջվեցին։ Այսօր շատ քիչ հնդկացիներ են մնացել։ Նրանց մեծ մասն ապրում է այն փոքր հողակտորների վրա, ուր նրանց վտարել են եվրոպացիները:

Կանադան շատ մեծ երկիր է։ Իր տարածքով զիջում է միայն Սովետական Միությանը։ Նրա ընդերքում կան նիկել, ասբեստ, կոբալտ, նավթ, այրվող գազ, ինչպես նաև ուրան, որն անհրաժեշտ է ատոմային էներգիա ստանալու համար։ Էլեկտրաէներգիայի վիթխարի պաշարներ ունեն նրա գետերն ու ջրվեժները։

Երկրի գործարանները թողարկում են բազմապիսի արդյունաբերական արտադրանք՝ ռեակտիվ ինքնաթիռներից և օվկիանոսային նավերից մինչև թուղթը։ Սակայն Կանադայի արդյունաբերության գլխավոր ճյուղերը պատկանում են օտարերկրյա, հիմնականում ամերիկյան, կապիտալիստներին, իսկ դա կասեցնում է երկրի տնտեսության զարգացումը: Բնական հարստությունները՝ նավթը, գունավոր մետաղների հանքաքարը, բնափայտը, էժան գնով արտահանվում են ԱՄՆ և կապիտալիստական այլ երկրներ։ Կանադայում շատ գործազուրկներ կան, որովհետև երկրի տնտեսությունը կախման մեջ է օտարերկրյա կապիտալիստների կամայականություններից:

Կանադայում մշակում են մեծ քանակությամբ հացահատիկ: Ամռան վերջին երկրի հարավ-արևմուտքի հսկայական տարածությունները նմանվում են անծայրածիր ոսկեծուփ ծովի։ Ընդարձակ մարգագետիններում արածում են կովերի նախիրներ, ոչխարների հոտեր, ձիերի երամակներ։ Բայց այս երկրի հարստությունն անտառներն են, որոնք զբաղեցնում են Կանադայի տարածքի մեծ մասը։ Կանադական բնափայտն ու թուղթը հայտնի են ամբողջ աշխարհում։ Կանադայի անտառներում կան հազվագյուտ շատ ծառատեսակներ, օրինակ, թավոտ, հազիվ երկնագույն փշատերևներով ճերմակ եղևնի, շաքարի թխկի, որը մանր տերևներով մեծ ծառ է։ Այստեղ աճում է նաև կարմիր թխկի։ Նրա տերևներն աշնանն այնպիսի վառ գույներ են հագնում, որ ծառերը նմանվում են հուրհրացող ջահերի: Կանադայի պետական դրոշի վրա, նույնիսկ, պատկերված է թխկիի տերև։

19-րդ դարի վերջից Կանադայում սկսել են բնակություն հաստատել հայեր։ Գնալով հայ համայնքն ստվարացել է, և այսօր Կանադայում ապրում է ավելի քան 70 հզ. հայ։ Նրանց մեծ մասն զբաղվում է արհեստներով, առևտրով, գյուղատնտեսությամբ։ Երկրի տնտեսական, գիտական ու մշակութային կյանքին իրենց մասնակցությունն են բերում նաև կանադահայ մտավորականները`