գիտնականներ, ինժեներներ, ճարտարապետներ, բժիշկներ, արվեստագետներ։ Հայերը կառուցել են իրենց եկեղեցիները, բացել դպրոցներ, հրատարակում են թերթեր, ունեն իրենց մարզական ու մշակութային միությունները։ Կանադահայ համայնքը սերտ կապեր է պահպանում մայր հայրենիքի՝ Սովետական Հայաստանի հետ։
Կանանց միջազգային օր
Այդ օրվա առթիվ դուք, բոլորից թաքուն, նվեր եք պատրաստում մայրիկի, տատիկի, քույրիկի, ուսուցչուհու, համադասարանցի աղջիկների համար։ Բոլոր տղամարդիկ, անկախ նրանից, թե քանի տարեկան են՝ վաթսուն, երեսուն կամ տասը, այդ օրը հատկապես ուշադիր են կանանց նկատմամբ։ Որովհետև Մարտի 8-ը աշխարհի բոլոր կանանց տոնն է։
...1910 թ. էր։ Դանիայի Կոպենհագեն քաղաք էին ժամանել բազմաթիվ երկրների կին ներկայացուցիչներ՝ որոշելու համար, թե ինչպես պետք է ընդհանուր ուժերով պայքարեն հանուն իրենց իրավունքների։ Ողջ աշխարհում կանանց վիճակն ավելի ծանր էր, քան տղամարդկանցը։ Միևնույն աշխատանքի դիմաց բանվորուհիներն անհամեմատ ավելի քիչ էին վարձատրվում։ Նրանք իրավունք չունեին ինժեներ, իրավաբան, բժիշկ դառնալու, սովորելն էլ ամեն տեղ չէ, որ թույլատրվում էր։ Երկրներ կային, ուր կինն իրավունք չուներ օտար մարդկանց ներկայությամբ դեմքը բանալու, տղամարդու հետ սեղան նստելու։
Կոպենհագենում տեղի ունեցող կանանց կոնֆերանսում Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկը՝ հեղափոխական Կլարա Ցետկինը, առաջարկեց սահմանել Կանանց միջազգային օր՝ ողջ աշխարհի աշխատավոր կանանց համերաշխության օր՝ հարստահարման, բուրժուազիայի իշխանության, անիրավահավսարության դեմ պայքարում։
Եվ պատահական չէր, որ ընտրեցին մարտի 8-ը։ 1908 թ. մարտյան այդ առավոտ Նյու Յորքի հազարավոր կանայք կիսատ թողեցին աշխատանքը և փողոց դուրս ելան։ Ցուցարարների շարքերը գնալով խտանում էին: Շատերի գրկին երեխաներ կային։ Նյու Յորքի աշխատավորուհիները