«Եղիր ինքնաթիռի նման, այլ ոչ թե օդապարուկի, որն օդ են բաց թողնում, և այնտեղ նա ճախրում է` նայած քամու ուղղությանը: Թռիր ինքդ, սեփական ուժերով, որ կուտակվում են թափ առնելու ժամանակ և պահպանիր սեփական ուղղությունդ»։
«Եթե մեծահասակներն ավելի հազվադեպ մոռանային, թե ինչպիսին էին իրենք փոքր ժամանակ, իսկ երեխաներն ավելի հաճախ մտածեին, թե ինչպիսին են լինելու, երբ մեծանան, ծերությունը չէր շտապի դեպի մարդիկ, իմաստությունն էլ չէր ուշանա»:
Դուք, իհարկե, կռահեցիք, որ Տոնգաորի այս և մյուս պատգամները հենց Լև Կասիլի պատգամներն են ձեզ և ձեր ընկերներին։
Էնգելս քաղաքում, ուր ծնվել է Լև Կասիլը, մի փողոց կոչվում է նրա անունով։ Մոսկվայում, ուր նա ապրել է, նրա անունն է կրում մանկական մի գրադարան։ Իսկ նրա գրքերը կարդում և սիրում են սովետական ողջ երկրի բոլոր երեխաները:
Կասյան Սարգիս Հովհաննեսի
«Հայաստանի ապստամբ աշխատավոր ժողովրդի կամքով ու ցանկությամբ Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցությունը այսօրվանից Հայաստանը հայտարարում է Սոցիալիստական խորհրդային հանրապետություն։ Այսօրվանից Խորհրդային Հայաստանի կարմիր դրոշը պաշտպանելու է նրա աշխատավոր ժողովրդին ճնշողների դարավոր լճից»։ Այս խոսքերով է սկսվել մեր հանրապետությունը սովետական սոցիալիստական հռչակելու մասին Հայաստանի հեղափոխական կոմիտեի (հեղկոմի) դեկլարացիան։ Այն ստորագրել էին հեղկոմի անդամները։ Առաջինը հեղկոմի նախագահ Սարգիս Կասյանի ստորագրությունն էր։ Հեղկոմն էլ 1920 թ նոյեմբերի 30-ին Մոսկվա, Վլադիմիր Իլյիչ Լենինին ուղարկեց հեռագիր՝ Հայաստանում սովետական իշխանություն հաստատելու մասին։
Իսկ մինչ այդ կյանքի ի՞նչ ուղի էր անցել Սարգիս Կասյանը: Ծնվել է նա Ղարաբաղի (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) Շուշի քաղաքում։ Ավարտելով տեղի ռեալական դպրոցը՝ Կասյանը հետագա կրթությունը շարունակում է Գերմանիայում, նախ՝ Լայպցիգի առևտրական ինստիտուտում, ապա՝ Բեռլինի համալսարանում, ստանում առևտրական գիտությունների և փիլիսոփայական գիտությունների թեկնածուների աստիճաններ։
1890-ական թվականների կեսերից արդեն Կասյանը մասնակցում էր հեղափոխական շարժումներին, իսկ 1905 թ. անդամագրվեց կոմունիստական կուսակցությանը։ Նա Անդրկովկասի բոլշևիկյան կազմակերպությունների ղեկավարներից էր, նամակագրական կապեր ուներ Վ. Ի. Լենինի հետ։ Իր հեղափոխական գործունեության համար նա ձերբակալվել է և մի քանի տարի անցկացրել բանտերում ու աքսորավայրերում։
Ռուսաստանում Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո վերադառնում է Անդրկովկաս և լայն աշխատանք ծավալում երկրամասում սովետական իշխանության հաստատման, Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման համար։ Կասյանը եղել է Սովետական Հայաստանի և Անդրկովկասի երեք հանրապետությունները միավորող ֆեդերացիայի՝ Անդրֆեդերացիայի (Անդրկովկասի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության) նախագահ, Անդրկովկասյան կոմունիստական համալսարանի ռեկտոր, Անդրֆեդերացիայի Գերագույն դատարանի նախագահ։ Կասյանը գրել է արժեքավոր աշխատություններ։ Նա գերմաներենից հայերեն է թարգմանել Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»։