Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միայն ծառերի վրա է, որ կապիկներն իրենց թեթև ու ազատ են զգում։ Գետնի վրա նրանք դառնում են անճար և անօգնական։ Ի դեպ, նրանցից շատերը գետնի վրա անելիք էլ չունեն։ Շնորհիվ իրենց երկար ձեռքերի ու ավելի կարճ ոտքերի, շնորհիվ իրենց ափերի ու ներբանների, որոնք հավասար ճարպկությամբ են կառչում ճյուղերից, կապիկները կայծակի արագությամբ, ծառից ծառ ցատկելով, տեղաշարժվում են անտառում։ Ծառերի վրա նրանք գտնում են իրենց սնունդը՝ պտուղներ, տերևներ, նորածիլ բողբոջներ ու շիվեր, միջատներ, թռչունների ձվեր։ Հենց ծառերի վրա էլ նրանք պատրաստում են իրենց կացարանները, որ շատ նման են բների: Այդտեղ էլ նրանք ծնում ու դաստիարակում են իրենց ձագերին։

Որոշ կապիկներ, օրինակ, պավիանները, լավ հարմարվել են գետնի վրա ապրելուն։ Բայց այդպիսի կապիկները շատ քիչ են։

Գիտնականներին, այդ թվու՝ բժիշկներին, կապիկները, հատկապես մարդանմանները, շատ են հետաքրքրում: Չէ որ այդ կապիկները մարդու մոտիկ «ազգականներն» են։ Կապիկները հեշտությամբ ընտելանում են, վարժեցվում։ Ֆիզիկական կառուցվածքով նրանք շատ են նման մարդուն, հիվանդանում են մարդուն հատուկ հիվանդություններով։ Կապիկներին վերաբերող հետազոտություններն օգնում են գտնելու նոր դեղանյութեր, փորձարկելու բժշկական նոր սարքեր։

Կասիլ Լև Աբրամովիչ

1905-1970

Ցանկացած գրադարանում կարելի է տեսնել գրադարակներ, ուր շարված են «Քո պաշտպանները», «Հերոսի եղբայր Չերյոմիշը», «Կոնդուիտ», «Շվամբրանիա», «Մեծ դիմակայություն», «Հանրապետության դարպասապահը» և այլ խորագրերով գրքեր՝ բոլորի վրա նույն հեղինակի անունը՝ Լև Կասիլ։ Այդ բոլոր գրքերը գրված են ձեզ համար։

Գրադարակներին դուք կտեսնեք նաև Լև Կասիլի երկերի ժողովածուի հինգ հատորները՝ գերբի նշանով։ Կողք կողքի շարված այդ գրքերը միասին ասես ծիածան լինեն՝ առաջինը մանուշակագույն է, երկրորդը՝ կարմիր, երրորդը՝ դեղին... Լև Կասիլի ստեղծագործություններն էլ ծիածանի նման երփներանգ են՝ բարդ են ու պարզ, ուրախ են ու տխուր, լուրջ են ու ծիծաղաշարժ, և միշտ՝ բարությամբ լի։

Նա գրել է զինվորների և ուսուցիչների, բանվորների ու գիտնականների, դերասանների ու մարզիկների մասին, բայց ամենից շատ սիրում էր գրել տղաների ու աղջիկների մասին: Զուր չէ, որ իր գրքերից մեկը նա անվանել է «Իմ սիրելի մանչուկներ»։

Լև Կասիլը սիրում էր երեխաներին և նրանց նվիրեց իր ողջ կյանքը։ Նա երեխաների հետ զրուցում էր ռադիոյով ու հեռուստատեսությամբ, սյունազարդ դահլիճներում ու մարզապալատներում, գրադարանների ու դպրոցների փոքրիկ դահլիճներում, իսկ ամենից առաջ՝ իր գրքերի էջերում։ Իր շռայլ սրտի ու մտքի ողջ կարողությունը նա տվեց երեխաներին– Կասիլը պայքարում էր այն բանի համար, որ երեխաները լավ ապրեն և որ լավը լինեն նաև իրենք։

Նրա «Պատրաստ եղեք, Ձերդ բարձրություն» վիպակում հեռավոր Ջունգախորայի բնակիչ, իմաստուն կոմունիստ բանաստեղծ Տոնգաորը իր որդուն կտակում է. «Հիշիր, որ ժողովրդի իշխանությունը օրենք է և արդարություն, ժողովրդին իշխելը՝ անօրինականություն և չարագործություն»։

«Ապրիր ոչ այնպես, ինչպես ստացվում է, այլ ինչպես ինքդ ես անհրաժեշտ համարում: Մի թույլ տուր, որ կյանքը խաղա քեզ հետ, այլ ինքդ ուղղություն տուր նրան։ Զուր չէ, որ մարդու մասին հարցնում են. «Իսկ ինչպիսի՞ կյանքով է նա ապրում»։

«Եղիր բարի, այսինքն՝ կարողացիր ներել քեզ հասցված փոքրիկ չարիքը և մի հաշտվիր այն մեծ չարիքի հետ, որ ճնշում է բոլորին»: