Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կենգուրուի ձագը մայրական կաթով սնվում է մոտ 65 օր, հետո աստիճանաբար սկսում է դուրս նայել պարկից, ապա նաև` դուրս գալ այնտեղից։ Երբեմն նա մինչև ութ ամիս իր փրկությունը գտնում է պարկի մեջ կամ պարզապես տաքանում այնտեղ։ Այդ ժամանակ ձագը մոր գրեթե կես հասակն է ունենում,–փորձիր, հապա, ցատկոտել նման «երեխան» գրկիդ։ Այս պատճառով էլ թշնամիներից փախչելիս մայրը երբեմն պարկից նետում է ձագին։ Միայն չկարծեք, թե դա դաժանություն է։ Պարկից դուրս նետված ձագը կարող է փրկվել, հակառակ դեպքում կզոհվեին թե՛ ձագը և թե՛ մայրը։ Տարօրինակ տեսք ունի կենգուրուն՝ ետևի ոտքերն ուժեղ են ու խոշոր, պոչը՝ հաստ, ուսերը՝ նեղ, իսկ առջևի թաթերը շատ փոքր են, նման մարդու ձեռքերին։

Առջևի ճանկավոր թաթերով կենգուրուն վարպետորեն փորում հանում է արմատներ ու պալարներ և սնվում դրանցով։ Իսկ ետևի ոտքերով նրանք կռվում են։ Կենգուրուն անսպասելիորեն մարմնի ողջ ծանրությունը հենում է պոչին, և ետևի ազատված զույգ ոտքերը վերից վար մի շարժումով սարսափելի վերքեր են հասցնում։ Կենգուրուի ետևի ոտքերին ընդամենը չորս մատ կա, բայց նրանց ճանկերն ասես դանակ լինեն, հատկապես չորրորդ, ամենաերկար մատինը։ Ճիշտ է, բոլոր խաղաղ կենդանիների նման, կենգուրուն ևս ավելի հաճախ փրկվում է փախչելով։ Հրվելով ետևի հզոր ոտքերով, նրանք սլանում են 12 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ հսկայական ցատկերով։

Պոչը կենգուրուին ծառայում է իբրև հավասարակշռության կարգավորիչ և իբրև ղեկ. չէ՞ որ երբեմն հարկ է լինում ցատկելու պահին փոխել ուղղությունը։ Կենգուրուն, որ հայերեն կոչվում է նաև ագեվազ, լավ հարմարվում ու բազմանում է կենդանաբանական այգիներում: Կենգուրուներ պահպանվել են, այն էլ քիչ քանակությամբ, միայն Ավստրալիայում: Պատահական չէ, որ այդ մայր ցամաքում գտնվող համանուն պետության գերբի վրա պատկերված է նաև կենգուրու։ Այժմ նրանք վերցված են պաշտպանության տակ։

Կենդանաբանական այգի

Սա մի այնպիսի այգի է, ուր ապրում են զանազան կենդանիներ, ոմանք՝ վանդակներում, մյուսներն՝ առանց վանդակների, ցանկապատված տարածություններում։ Այլ խոսքով ասած՝ սա ձեր սիրելի գազանանոցն է։ Ձեզանից շատ շատերն են, անշուշտ, եղել Երևանի կենդանաբանական այգում, հիացած կանգ առել արհեստական լճակի մոտ, ուր լողում են բադեր, սագեր, սև ու սպիտակ կարապներ և ջրային այլ թռչուններ։ Անցյալում կենդանաբանական այգիների բադերի թևերը խուզում էին, որպեսզի նրանք չկարողանային թռչել հեռանալ։ Իսկ հետո գիտնականները որոշեցին նրանց լրիվ ազատ թողնել։ Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ արեցին բադերը։ Նրանք կենդանաբանական այգուց չհեռացան անգամ ձմռանը և մնացին ապրելու այնտեղ, ուր մարդիկ կերակրում էին նրանց ու չէին խրտնեցնում։ Մեր Միության մայրաքաղաք Մոսկվայի կենդանաբանական այգուն հարմարված այդ ազատ բադերին, օրինակ, այժմ կարելի է հանդիպել Մոսկվայի և մերձմոսկովյան այլ արհեստական լճակներում։