Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարզել այնպիսի գազանների գաղտնիքները, ինչպիսին են լուսանը կամ ուսուրական վագրը։ Այնտեղ վագրին դեմառդեմ չես էլ հանդիպի։ Մինչդեռ կենդանաբանական այգում հնարավոր է շատ ուշադիր հետևել ու զննել ամենազգոլյշ ու ամենավտանգավոր կենդանիներին անգամ։ Այնպես որ, երբ այցելեք գազանանոց, մի մոռացեք, որ այն ստեղծվել է ոչ միայն զվարճանալու համար։ Հիշեցեք, որ այնտեղ աշխատում են գիտնականներ, փրկում ու պահպանում հազվագյուտ կենդանիներին։ Այնտեղ դուք էլ շատ բան կիմանաք կենդանիների մասին։

Կենդանավարժ

Կրկեսի ասպարեզում, երկաթե ամուր վանդակորմի ետևում, բարձր աթոռակների վրա սպառնագին մռնչում և ժանիքներն են մերկացնում հզորազոր առյուծները, կատաղի վագրերը, նենգ հովազները։ Իսկ նրանց վարժեցնող-սանձահարողը հանգիստ անցուդարձ է անում վանդակորմի ներսում և գիշատիչներին ստիպում կրկեսային զանազան համարներ «ցուցադրել»։ Այդ ինչպե՞ս հապա նա չի վախենում, որ գազաններն իր վրա հարձակվեն։ Սանձահարողը շատ լավ գիտե իր յուրաքանչյուր սանի «բնավորությունը»։ Վարժեցված գիշատիչը վախենում է տիրոջ սևեռուն հայացքից, իսկ հնազանդվելու դեպքում պարգև է ստանում մի կտոր միս։ Կենդանիներ վարժեցնողը պետք է ունենա վիթխարի համբերություն, դիտողականություն, լինի անվախ ու համարձակ, իմանա գազանների սովորույթներն ու «բնավորությունը»։ Գիշատիչ գազաններից բացի, կենդանավարժները հանդես են գալիս փղերի, ձիերի, շների, կապիկների, նույնիսկ, գետաձիերի, կենգուրուների և ուրիշ շատ կենդանիների հետ։ Երևանի կրկեսում դուք, հավանաբար, տեսել եք հայ կենդանավարժ Ստեփան Իսահակյանի կազմակերպած «Քաջ Նազար» կրկեսային ներկայացումը։ Հիշո՞ւմ եք, ինչ հաշտ ու համերաշխ, կողք կողքի, «ելույթ էին ունենում» գետաձին, կոկորդիլոսը, հաստաբեստ իժը, արագիլն ու փասիանը։ Ի դեպ, Իսահակյանն աշխարհում առաջինն է գետաձի վարժեցրել։ Սովետական կրկեսի արտիստները ձգտում են կենդանիներին հնազանդեցնել ոչ թե ահաբեկելով, այլ փաղաքշանքով և այսպես կոչված պայմանական ռեֆլեքսների խելացի օգտագործմամբ, որոնք հայտնագործել է ռուս մեծ գիտնական Ի. Պ. Պավլովը։

Ահա կրկեսի ասպարեզում ծովառյուծը դնչով նետում ու որսում է գնդակներ, թասակներ։ Ինչպե՞ս են դա սովորեցրել նրան։ Բնության մեջ, օվկիանոսում, ծովառյուծը կենդանի ձկներ է որսում։ Որսած ձուկը նա օդ է նետում։ Պարզ է, որ ձուկը հետո վայր է ընկնում, այն էլ՝ գլխիվայր։ Ձկան մեջքի սուր լողակը ծալվում սեղմվում է, և որսը սահում է ուղիղ ծովառյուծի կոկորդը։ Վարժեցնողն էլ ահա օգտագործել է կենդանու այդ վարվելակերպը՝ ձկները փոխարինելով գնդակներով ու թասակներով։