Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տասնյակ տպարաններում։ Երևանում են հրատարակվում Հայկական սովետական հանրագիտարանն ու այս գիրքը, որ հիմա դուք կարդում եք։ Հանրապետության ամենահեռավոր անկյուններն են հասնում Երևանից տրվող ռադիո- և հեռուստահաղորդումները։ Ամեն օր «Երևանն է խոսում» հատուկ ռադիոկանչը ռադիոընդունիչների մոտ է ժողովում աշխարհասփյուռ հայությանը։ Նախահեղափոխական Երևանն սկսվում ու ավարտվում էր Աստաֆյան (այժմ` Աբովյան) փողոցով։ Այժմ քաղաքը մագլցել է շրջակա բլուրների լանջերն ի վեր, իր շրջագծի մեջ առել Աջափնյակ, Արաբկիր, Քանաքեռ, Ավան, Նոր Նորք, Նոր Արեշ, Սովետաշեն, Խարբերդ, Չարբախ թաղամասերը, ուր մեկը մյուսի ետևից բարձրանում են բնակելի հոծ զանգվածներ։ Քաղաքի մի մասից մյուսը հասնելու համար կան տրանսպորտի բոլոր տեսակները, ընդհուպ մինչև Երևանի մետրոն՝ իր գեղեցիկ ու ինքնատիպ կայարաններով ու սպասասրահներով։ Ճարտարապետական ինքնատիպ համալիրների ու հոյակերտ հուշարձանների, ստվերախիտ զբոսայգիների ու հանգստավետ պուրակների, արծաթաշիթ շատրվանների ու սառնորակ ցայտաղբյուրների քաղաք է Երևանը՝ իր ազգային յուրահատուկ դեմքով։ Դրանում համոզվելու համար բավական է տեսնել Լենինի հրապարակը` մեծ առաջնորդի վեհաշուք հուշարձանով ու «երգող» շատրվաններով, կայարանամերձ հրապարակը՝ Սասունցի Դավթի արձանով, Գլխավոր պողոտան, մարզահամերգային համալիրը կամ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող և հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող հուշարձանը Ծիծեռնակաբերդում... Շատ զբոսայգիներում` Ս. Ա. Կիրովի անվան, Հաղթանակի, 26 կոմիսարների, Կոմերիտմիության և այլն, երեխաների զվարճանալու ու խաղալու համար ստեղծված են բոլոր պայմանները, իսկ Հրազդանի զովաշունչ ձորում կառուցված է նրանց սիրելի մանկական երկաթուղին։ Լուսառատ, արևային, վարդագույն՝ այսպիսին է Երևանը։ Մեր հին մայրաքաղաքների՝ Արմավիրի, Արտաշատի, Դվինի, Անիի և մյուսների խորհուրդը կա բազմադարյան, բայց և նորօրյա Երևանի մեջ։ Զուր չի ասված ձեզ հայտնի երգում, որի բառերը գրել է Պ. Սևակը.

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

Ասես փոխառնելով նրանց երբեմնի փառքը՝ Երևանն այն հազարապատկել է ու պարզել աշխարհին՝ հավաստելով ու հաստատելով հայ ժողովրդի վերածնունդը Հոկտեմբերյան արևի տակ։ Հայաստանում սովետական կարգերի հաստատման 62-րդ տարեդարձի օրը՝ 1982 թ. նոյեմբերի 29-ին, հնգակի շքանշանակիր մեր հանրապետության մայրաքաղաք Երևանը պարգևատրվեց հայրենիքի բարձրագույն պարգևով` Լենինի շքանշանով։ Դա հեղափոխական շարժմանը, Հայաստանում սովետական իշխանության հաստատմանն ու ամրապնդմանը մատուցած ծառայությունների, 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական զավթիչների դեմ տարած հաղթանակի գործում ներդրած մեծ ավանդի և տնտեսական ու մշակութային շինարարության ասպարեզում քաղաքի աշխատավորների ձեռք բերած հաջողությունների բարձր գնահատականն է։ Քաղաքամայր Երևանը շարունակում է վերելքի իր ուղին։