կղզիների ընտանիք` արշիպելագ: Իսկ ինչպե՞ս են գոյանում կղզիները:
Հարյուրավոր տարիներ ծովի ալիքները ողողում են ափը` աստիճանաբար նրանից անջատելով ցամաքի մի հատված: Քանի դեռ այդ հատվածը ցամաքի մի շերտով` պարանոցով, միացած է մայր ցամաքին, այն թերակղզի է: Բայց ահա վերացավ նաև պարանոցը։ Գոյացավ կղզի, ուր կարելի է հասնել միայն ծանծաղուտով, լողալով կամ նավակով...
Պատահում է նաև, որ ցամաքն աստիճանաբար իջնում է, նրա վրա գրոհում է ծովը կամ օվկիանոսը։ Ջրի մակերևույթից վեր մնում են լեռների գագաթները միայն, որոնք էլ հենց դառնում են կղզիներ։ Գիտնականները պարզել են, որ այդպես են առաջացել, օրինակ, Խաղաղ օվկիանոսում գտնվող Ալեության և Կոմանդորյան կղզիները։
Հաճախ օվկիանոսներում կղզիներ գոյանում են այնտեղ, ուր թափվում են հզոր գետերը` իրենց հետ բերելով կավ, տիղմ կամ ավազ։ Տարիների, հարյուրամյակների ընթացքում այդ ջրաբերուկները նստում են հատակին՝ առաջացնելով սկզբում ծանծաղուտ, իսկ հետո՝ նաև կղզի։
Կղզիներ առաջանում են նաև ստորջրյա հրաբուխներից։ Ենթադրենք, օվկիանոսի հատակին ժայթքել է մի մեծ հրաբուխ։ Նրա խառնարանի միջով Երկրի ընդերքից դուրս է հորդում լավան։ Աստիճանաբար, երբեմն տասնյակ կամ հարյուրավոր տարիների ընթացքում, այդ ստորջրյա հրաբուխը բարձրանում է ջրի մակերևույթից և վերածվում կղզու։
Իսկ ա՛յ կորալյան կղզիները գիտնականներին դժվար խնդիր առաջադրեցին։ Բանն այն է, որ այդ կղզիներից շատերն օղակաձև են և անվանվում են ատոլներ։ Այնտեղ աճող արմավենիների պատճառով ատոլները նմանվում են վիթխարի ծաղկեպսակների, որոնց ասես օվկիանոս են նետել ինչ-որ հսկաներ։ Օղակի ներսի մասը՝ ծովալճակը, համեմատաբար խորը չէ, իսկ արտաքին զառիկող ափերը երբեմն ջրի մեջ ընկղմված են լինում մի քանի հարյուր մետր խորությամբ։ Ջրի տակ, կողքից