Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նայելիս, ատոլը նման է գրեթե ուղղաձիգ պատերով վիթխարի կլոր աշտարակի: Ինչպե՞ս է առաջանում այդ հրաշքը։

Առեղծվածը բացատրեց անգլիացի մեծ գիտնական Չարլզ Դարվինը։ Ենթադրենք, ասաց նա, որ օվկիանոսում, նրա արևադարձային ջրերում առաջացել է հրաբխային մի կղզյակ։ Նրա շուրջը եղած ծանծաղուտում բնակություն են հաստատում կորալյան պոլիպներ, որոնք, աճելով ու տարածվելով, գոյացնում են քարքարոտ օղակ՝ հրաբուխը շրջափակող արգելախութ։ Եթե այդ տեղում օվկիանոսի հատակն սկսում է աստիճանաբար իջնել, ապա հրաբուխն ու նրան շրջապատող խութը հատակի հետ ընկղմվում են ջրի մեջ։ Իսկ ի՞նչ անեն պոլիպները, որոնք կարող են ապրել միայն տաք ջրում՝ օվկիանոսի մակերևույթին մոտ։ Նրանք միայն մի ելք ունեն՝ անդուլորեն շարունակել խութի կառուցումը։ Ջրի խորքերն ընկղմված պոլիպներն, իհարկե, ոչնչանում են, բայց նրանց սերունդները շարունակում են վեր ձգտել, խութն աճում է և հետզհետե վերածվում ատոլի, որի հիմքում հանգած հրաբուխն է։ Երբ հետազոտողները, Դարվինի մահից հետո արդեն, մինչև հիմքը հորատեցին մի ատոլ, համոզվեցին, որ գիտնականի բացատրությունը միանգամայն ճիշտ է։

Կյանքի ծագումը

Միմյանցից տարբեր որքա՜ն կենդանիներ, տեսակ-տեսակ ջրիմուռներ, սնկեր, բույսեր կան Երկրի վրա։ Որտեղի՞ց են հայտնվել այդ բազմապիսի կենդանի էակները, ինչպե՞ս է մեր մոլորակի վրա ծագել կյանքը։

Մենք բոլորս գիտենք, որ կենդանի էակը ծնվում է կենդանի էակից, շունը քոթոթներ է ունենում, կատուն՝ փիսիկներ, հավը՝ ճուտիկներ։ Իսկ հավն, օրինակ, նախքան ճուտ ունենալը, ուրիշ ի՞նչ է ունենում։ Ձու, որը ոչ հավի է նման, ոչ էլ ճտի։ Ընդամենը կրային մի կճեպ, իսկ ներսում՝ սպիտակուց, մեկ էլ դեղնուց։

Հապա ասացեք, ձուն կենդանի՞ էակ է, թե՞ ոչ։ Կարծեք թե ոչ, պարզապես սննդարար նյութերի մի հրաշալի հավաքածո է՝ բնական անգերազանցելի փաթեթավորումով։ Բայց կանցնի 21 օր, և ինկուբատորում (ճտահան մեքենայում) ձվից դուրս կգա իսկական, կենդանի մի ճուտիկ։ Կային միայն սպիտակուց, դեղնուց ու կճեպ, բայց ստացվեց ճուտիկ ու կճեպ։ Ուրեմն ինչ, ճուտն ստացվեց սպիտակուցից ու դեղնուցի՞ց։ Սակայն կան նաև այնպիսի ձվեր, որոնց սպիտակուցն ու դեղնուցը տեղն են, մինչդեռ նրանցից ճուտ դուրս չի գալիս։ Այդպիսի ձվերը կոչվում են «լակ» ձվեր։ Լակ ձվի մեջ պակասում է մի չնչին բան՝ հազիվ նկատելի մի պուտ, որը կոչվում է սաղմնային սկավառակ։ Դա բջիջների մի խումբ է, որն առաջանում է մեն-մի բջիջից։ Իսկ սպիտակուցն ու դեղնուցը սննդանյութերի պաշար են։ Ջայլամի ձվի մեջ կտեղավորվեն հավի 30 կամ ճնճղուկի հարյուրավոր ձվեր, բայց սաղմնային սկավառակը նույնպիսին է, և եթե այն չլինի, ջայլամի ձագ էլ չի ծնվի։ Եվ պատկերացրեք, դեռ չի եղել մի դեպք, որ ջայլամի ձվից հավի ճուտ կամ փղի ձագ ծնվի։ Այդպիսի բան չի լինում։ Յուրաքանչյուր կենդանի կամ բույս իր տեսակի սերունդ է տալիս։ Իսկ թե ինչու է այդպես, դուք կիմանաք, երբ կարդաք «Ժառանգականություն» զրույցը:

Իսկ որտեղի՞ց են հայտնվել ամենաառաջին կենդանի բջիջները, ինչից է սկիզբ առել կյանքը Երկրի վրա։

Միլիարդավոր տարիներ էին պետք, որ Երկրի կեղևը սառչեր ու պնդանար, իսկ ջրային գոլորշիները խտանային և տաք անձրևի տեսքով թափվեին Երկրի վրա, հետո ջուրն էլ աստիճանաբար սառեր։ Այդ ժամանակ արդեն ջրում կային շատ բազմազան քիմիական նյութեր։ Դրանցից սկզբում առաջացան ավելի բարդ քիմիական միացություններ, իսկ մի քանի այդպիսի