Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միացություններից կազմվեցին սպիտակուցի մոլեկուլներ: Երևան եկան առաջին սպիտակուցային գնդիկները, որոնք շատ բարդ քիմիական բաղադրություն ունեին: Աստիճանաբար նրանք սկսեցին կլանել ջրում լուծված նյութերը՝ «սնվել», դրանցով կառուցել իրենց «սպիտակուցավոր» մարմինը, իսկ «թափոնները» նետել դուրս, արտաքին աշխարհ։

Նրանք հնարավորություն ստացան կիսվելու միջոցով աճել և բազմանալ: Այդպես, Համաշխարհային օվկիանոսի օրորոցում, անհիշելի ժամանակներում ծնվեց կյանքը:

Բնության հարափոփոխ արվեստանոցում սպիտակուցի փոքրիկ, կենդանի գնդիկից միլիարդավոր տարիների ընթացքում առաջացան այսօր աներևակայելիորեն բազմազան կենդանի էակները՝ սկսած կոլիբրիի շատ փոքրիկ ձագից մինչև հսկայական կետերը, մրջյունից մինչև մարդը։ Թե ինչ ճանապարհով կատարելագործվեցին կենդանի օրգանիզմները, դուք կիմանաք «Դարվին Չարլզ» զրույցից։

Գիտնականները փորձում են լաբորատորիաներում սպիտակուցային մոլեկուլներից ստանալ այնպիսի կենդանի բջիջ, ինչպիսին ժամանակին ստեղծել էր բնությունը։ Նրանց արդեն հաջողվել է շատ բարդ սպիտակուցներ ստանալ, բայց լիակատար հաջողությունը դեռ հեռու է։

Կյուրիներ

Երբ Սորբոնի՝ Փարիզի համալսարանի, ուսանողուհի Մարի Սկլոդովսկայան ծանոթացավ Պիեռ Կյուրիի հետ, Պիեռն արդեն հայտնի ֆիզիկոս էր։ Նվիրվածությունը գիտությանը միավորեց նրանց։ Հետո նրանք սիրեցին իրար, ամուսնացան և դարձան աշխատանքային ամենամերձավոր խորհրդատուներ ու օգնականներ։

Պիեռն ու Մարին համեստ էին ապրում և լաբորատորիա գնելու փող չունեին։ Գիտական հետազոտությունների համար նրանք հարմարեցրին փայտե կիսաքանդ ցախանոցը, ուր լույսը թափանցում էր ապակե տանիքից։ Ամռանն այնտեղ շոգ էր, ինչպես ջերմոցում, իսկ ձմռանը ժանգոտ խողովակով թուջե վառարանը հազիվ էր պաշտպանում ցրտից։ Բայց այստեղ Պիեռն ու Մարին խոշորագույն հայտնագործություններ կատարեցին։

Այդ տարիներին ֆրանսիացի ֆիզիկոս Բեքերելը հայտնաբերել էր ինչ որ առեղծվածային ճառագայթներ, որ արձակում էր ուրանի աղի կտորը։ Մարդու աչքն այդ ճառագայթները չէր տեսնում, բայց, երբ սև թղթով փաթաթած լուսանկարչական թիթեղի վրա ուրանի աղ էին դնում, թիթեղը լուսավորվում էր, «լույս էր տեսնում»։ Տարօրինակ ճառագայթները հետաքրքրեցին Մարիին, և նա սկսեց ուսումնասիրել դրանք։ Ուսումնասիրում էր համբերատար, մանրազնին, օրեր, ամիսներ շարունակ։ Պարզվեց, որ նման ճառագայթներ արձակում է ոչ միայն ուրանը։ «Ճառագայթին» լատիներեն ասում են «ռադիուս»։ Այդ պատճառով Մարին առաջարկեց անտեսանելի ճառագայթներ արձակող բոլոր նյութերն անվանել ռադիոակտիվ (ճառագայթաակտիվ) նյութեր։

Մարիի աշխատանքները ոգևորեցին նաև Պիեռին, և նա սկսեց օգնել կնոջը։ Շուտով նրանք հայտնաբերեցին, որ ճառագայթներ