տաղանդով օժտված Կոջոյանը 1903 թ. մեկնում է Գերմանիայի Մյունխեն քաղաքը, որտեղ նախ սովորում է հայտնի մանկավարժ Ա. Աժբեի գեղարվեստական ստուդիայում, ապա՝ Գեղարվեստի ակադեմիայում։ Այնուհետև նա մեկնում է Փարիզ, որտեղ ուսումնասիրում է Արևմուտքի ժողովուրդների արվեստը։ 1912—1914 թվականներին Կոջոյանը ապրում և ստեղծագործում է Մոսկվայում։ Այդ շրջանում նա շատ է նկարել, բայց այդ ստեղծագործությունները, ցավոք, այրվել են 1914—1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
1918 թ. Կոջոյանը եկավ Հայաստան՝ իր ջերմորեն սիրած հայրենիքը։ Եղավ Անիում և դրանից հետո ստեղծեց չափերով փոքրիկ, բայց մեծ իմաստ պարունակող «Անիի ավերակները» նկարը, որտեղ արտահայտված հայրենիքի սերը շաղախված է թախիծով, չէ՞ որ մեր հին մայրաքաղաքը մնացել էր օտարի տիրապետության տակ։ Կոջոյանի նկարում Անին կարծես կախարդական հեքիաթում նկարագրվող քարացած մի քաղաք է, որը դեռ սպասում է իրեն վերակենդանացնող փրկարար հերոսին։
1920 թ․ Հայաստանում հաստատվեցին սովետական կարգեր։ Նկարիչը պատմական այդ փաստն արտացոլեց «Հայկական մունետիկ» ջրաներկ աշխատանքում։ Հայկական տարազով մունետիկի շեփորից կախված դրոշին նկարված են վիշապ ու շանթ։ Նա շեփորահարում է շանթահար վիշապի՝ չարի պարտության մասին։ Հաղթանակի ուրախությունը Կոջոյանն արտահայտել է նկարում սփռված հրավառ ծաղիկների միջոցով, այդ ծաղիկները հին զարդանախշեր են հիշեցնում։
Մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամաննանը Պարսկաստանի Թավրիզ քաղաքում բացել էր Գեղարվեստի ստուդիա։ Այստեղ դասավանդում էր նաև Հակոբ Կոջոյանը, որը Թավրիզ էր տեղափոխվել 1921 թ.։ 1922 թ. Սովետական Հայաստանի կառավարությունը նրանց հրավիրեց Երևան։ Կոջոյանը, «Հայկական մունետիկից» բացի, իր հետ բերեց «Հեծելախումբը», «Քնած պարսկուհին» և գծանկարչական (գրաֆիկական) այլ գործեր։ Նրա գծանկարչական աշխատանքներում գույների պայծառությունը հրաշքի է նման։ Կոջոյանը սովետահայ գծանկարչության հիմնադիրն է։ Նա անկրկնելի վարպետությամբ պատկերազարդել և ձևավորել է Ե. Չարենցի, Ա. Գորկու բանաստեղծությունների ժողովածուները, հայկական ժողովրդական հեքիաթներ, այդ թվում՝ Ստ. Զորյանի մշակած «Հազարան բլբուլը» և ուրիշ շատ գրքեր ու գեղարվեստական ստեղծագործություններ։