Կոջոյանի գծանկարչական ամենանշանակալի երկերից է հայկական ժողովրդական հռչակավոր էպոսի՝ «Սասունցի Դավթի», թեմաներով ստեղծված համանուն ստեղծագործությունը։ Ժողովուրդը էպոսի հերոսներին օժտել է գերբնական ուժով։ Բնականը չափազանցնող ձևերով է նկարել նաև Կոջոյանը։ Էպոսի գլխավոր միտքը՝ ժողովրդի միասնության հզորությունն ու անպարտելիությունը, նկարիչն արտահայտել է նույնպիսի վսեմ և առասպելական գծերով, ինչպես էպոսում։ Դա նկար-հրաշապատում է. կենտրոնում հեքիաթային ձին հեծած դյուցազն Դավիթն է՝ Թուր Կեծակին ձեռքին, նրա շուրջը՝ էպոսի բովանդակությունն արտահայտող երեսունհինգ դրվագներ։
Հակոբ Կոջոյանը շատ է նկարել Հայաստանի բնությունը։ Նա տարբեր հնարքներով պատկերել է մեր բարձր ու վեհ լեռների, արագավազ գետերի, հեռու-հեռու մշուշներում կորած դաշտավայրերի գեղեցկությունը։ «Գարուն» նկարում Կոջոյանի երևանյան տան պարիսպն է. երևում են հարևան բակում փարթամորեն ծաղկած եղրևանու ճյուղերը, որոնց տակ եղնիկներ են: Այստեղ իրականությունն ու հեքիաթն այնպես են շաղախվել, որ պատկերից առավել տեսնում ես բանաստեղծ-նկարչի լուսավոր էությունը, զգում գարնան բույրը։
Ծաղիկներ ու եղնիկներ... Դրանք բացվող առավոտի, կյանքում լույսի ու գեղեցկի հաղթանակի խորհրդանիշներն են։ Կոջոյանն իր նկարում ասես հեքիաթներ է պատմում։
Հակոբ Կոջոյանն ստեղծագործեց ավելի քան կես դար։ 1935 թ. նա արժանացավ ՀՍՍՀ ժողովրդական նկարչի կոչման։ Մեծ նկարչի ստեղծագործությունները ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում։ Նրանցից շատերը գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում և Երևանում բացված նրա տուն-թանգարանում։ Կոջոյանի անունով է կոչվում Երևանի գեղարվեստի մանկական դպրոցը։
Կով
Մարդու ընտելացրած առաջին կենդանիներից էր վայրի ցուլը՝ տուրը։ Հազարավոր տարիներ առաջ որսորդներն սկսեցին բռնել ու իրենց բնակատեղին բերել տուրի ձագեր և ընտելացնել նրանց։ Ենթադրվում է, որ տուրից էլ առաջացել են ընտանի կովերը։ Հնագույն վաչկատուն ցեղերը կովերի ու ցուլերի նախիրներ էին պահում միայն մսի ու կաշվի համար։ Ավելի ուշ, նստակեցության անցնելուն զուգընթաց, երբ սկսեց զարգանալ երկրագործությունը, մարդիկ սկսեցին ուժեղ կենդանիներին լծել գութանին, նրանցով բեռ փոխադրել։
Հնադարյան մարդու համար կովն ու ցուլն այնքան մեծ նշանակություն ունեին, որ շատ ժողովուրդներ նրանց աստվածացնում էին։ Իսկ որ կովերը կարելի է կթել ու հիանալի սննդամթերք՝ կաթ, ստանալ, հայտնի է դարձել շուրջ 2800 տարի առաջ։ Կովն այժմ էլ արդարացնում է ստնտուի իր վաղեմի անունը։ Չէ որ նա կաթ է տալիս, իսկ կաթը թե՛ կարագ է, սերուցք ու թթվասեր, թե՛ մածուն ու կաթնաշոռ։
Իսկ գիտե՞ք, թե որքան կաթ է տալիս կովը մեկ օրում. 20 լիտրից ավելի, այսինքն՝ երկու դույլ։ Յարոսլավլյան ցեղի ռեկորդակիր կովերն, օրինակ, մեկ օրում տալիս են ավելի քան 80 լիտր կաթ:
Կովերի շատ ցեղեր կան։ Հաճախ նրանց անվանում են այն տեղի անունով, ուր բուծվել են՝ Կոստրոմայի, յարոսլավլյան, խոլմոգորյան, մեր հանրապետությունում բուծված կովկասյան գորշ ցեղի։ Յուրաքանչյուր ցեղ լավ է իր «ծննդավայրի», արոտավայրի, բնակլիմայական պայմանների համար։
Ամեն մի ցեղ ունի իր առավելություններն ու թերությունները։ Որոշ կովեր շատ, բայց ոչ այնքան յուղալի կաթ են տալիս, մյուսները՝ ընդհակառակը։ Գիտնականներն աշխատում են բուծել կովերի այնպիսի ցեղեր, որոնք բավականին յուղալի ու շատ կաթ տան։