1948 թ. Կորեական թերակղզու հյուսիսային մասում ժողովուրդն ստեղծեց իր պետությունը՝ Կորեական Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը՝ Փխենյան մայրաքաղաքով: Իսկ հարավային մասում իշխանությունն առաջվա նման պատկանում է կապիտալիստներին ու կալվածատերերին։ Այստեղ ժողովուրդը դաժանորեն շահագործվում է, իրավազուրկ է ու աղքատ։ Ե՛վ հյուսիսային, և՛ հարավային մասում հայրենասերները պայքարում են միասնական դեմոկրատական պետություն ստեղծելու համար։
1950 թ. ԿԺԴՀ-ի վրա հարձակվեցին ամերիկյան ագրեսորները՝ մեծ վիշտ ու չարիք բերելով խաղաղ բնակչությանը: Բայց Հյուսիսային Կորեայի ժողովուրդը պաշտպանեց իր ազատությունն ու անկախությունը։ Պատերազմից հետո վերակառուցվեցին ավերված գյուղերն ու քաղաքները, գործարանները, ճանապարհներն ու կայարանները:
ԿԺԴՀ-ի կառավարությունը հոգատարությամբ է շրջապատել երեխաներին։ Նրանց համար են կառուցված ամենագեղեցիկ տները՝ մանկապարտեզներ, մանկամսուրներ, պիոներների ու դպրոցականների պալատներ:
Կորեան հնագույն մշակույթի երկիր է: Կորեացիները հորինել են տպագրության մետաղե տառատեսակը։ Հռչակված են կորեացիների պատրաստած ճենապակե, արծաթե, լաքապատ իրերը, ասեղնագործուհիների նրբագեղ զարդանախշերը: Կորեայում շատ շինություններ պահպանել են ազգային ճարտարապետության գծերը: Այդ շինություններում, ինչպես հին կորեական կացարաններում, ջեռուցման հարմարանքները տեղադրված են հատակի տակ սովորաբար, կորեացիներն ուտում, աշխատում և քնում են ուղղակի տաք հատակին։ Կորեացիներն ուտում են, հիմնականում, փայտիկներով, ազգային կերակուրներն են խաշած անալի բրինձը և կուկսուն՝ անալի խմորից պատրաստած երկար լապշան:
Կորեացիները սիրում են հնագույն խաղեր՝ նետաձգություն, ըմբշամարտ, տոնում ավանդական և նոր ազգային տոները՝ Նոր տարին, բերքի տոնը, ազատության օրը, հանրապետության կազմավորման օրը և այլն:
Կորոլյով Սերգեյ Պավլովիչ
Ավիացիան Սերգեյ Կորոլյովի տարերքն էր։ Առաջին հնգամյակների տարիներին մեր երկիրն ստեղծում էր իր արդյունաբերությունը, ամրապնդում ռազմական հզորությունը: Այդ ժամանակ ասպարեզի վրա էր «Կոմերիտմիություն, դեպի ինքնաթիռները» լոզունգը։ Երիտասարդ Կորոլյովը երազում էր օդաչու դառնալու, թռչող ապարատներ