Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կառուցելու և այդ ապարատներով անձամբ թռչելու մասին։

Մոսկվայում, ուր Կորոլյովը եկել էր Օդեսայից, նա միաժամանակ ուսանում էր թե՛ Բարձրագույն տեխնիկական ուսումնարանում և թե՛ օդաչուների դպրոցում։ Երբ Կորոլյովը ծանոթացավ Կ. Է. Ցիոլկովսկու աշխատանքներին, մեկընդմիշտ տարվեց տիեզերական թռիչքներով։ Նա ուզում էր, որ թռիչքները լինեն ավելի արագընթաց, ավելի բարձր և ավելի հեռու, բայց անասելի բարձրությունների ու արագությունների հասնելու համար հարկավոր էր ստեդծել հրթիռներ, հրթիռային տեխնիկա։

1933 թ. օգոստոսի 17-ին մերձմոսկովյան Նախաբինո բնակավայրից երկինք սլացավ առաջին հրթիռը։ Այն բարձրացավ ընդամենը 400 մ, բայց այդ մետրերից էլ ծայր առան միջմոլորակային թռիչքների միլիոնավոր կիլոմետրերը։ Հրթիռն արձակեցին Ս. Պ. Կորոլյովի գլխավորած Ռեակտիվ շարժումն ուսումնասիրող խմբի անդամները։

1933 թվականից Կորոլյովը ղեկավարում էր Ռեակտիվային գիտահետազոտական ինստիտուտի հրթիռային թռչող ապարատների բաժինը։ Նա ստեղծեց կառավարվող թևավոր հրթիռ և հրթիռային ճախրաթիռ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կոնստրուկտորը հրթիռային շարժիչներ էր նախագծում մարտական ինքնաթիռների համար։

Պատերազմից հետո նա դարձավ հզոր հրթիռներ ստեղծող մեծ կոլեկտիվի ղեկավարը։ Գլխավոր կոնստրուկտոր Կորոլյովի անվան հետ է կապված տիեզերական տարածության յուրացման սկիզբը։

Նախ Երկրից հարյուրավոր կիլոմետրերի հեռավորությամբ երկինք բարձրացվեցին գիտական սարքեր ու կենդանիներ։ Ապա Կորոլյովի կոնստրուկտորական բյուրոյում ստեղծվեց Երկրի՝ աշխարհում առաջին արհեստական արբանյակը, որի արձակման օրը՝ 1957 թ. հոկտեմբերի 4-ը, մենք համարում ենք տիեզերական դարաշրջանի սկիզբը մարդկության պատմության մեջ։

1961 թ. ապրիլի 12-ին ակադեմիկոս Կորոլյովը թռիչքի ուղեկցեց առաջին տիեզերագնացին՝ Յուրի Ալեքսեևիչ Գագարինին։ Մարդու թռիչքը դեպի Տիեզերք. ահա սա էր գլխավոր կոնստրուկտորի կյանքի նպատակը։ Նա ինքն էր այդպես ասում։ Կորոլյովի կենդանության օրոք Գագարինի «Վոստոկի» ետևից Տիեզերք թռան ևս հինգ նույնպիսի տիեզերանավեր, ստեղծվեց ավելի կատարյալ, բազմատեղանի «Վոսխոդ» տիեզերանավը։

Դեպի Լուսին, Վեներա, Մարս թռան տիեզերական ավտոմատ ապարատները։ Պատմության մեջ առաջին անգամ Լուսնի մակերևույթի վրա վայրէջք կատարեց սովետական ավտոմատ կայանը։