Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելի խորն են դասավորված ապարները, այնքան ավելի ամուր են ու տաք։ Գիտնականները ենթադրում են, որ մանթիան կարծր է ու շիկացած, իսկ Երկրի միջուկը կազմված է հալված երկաթից։ Երկրակեղևը և վերին մանթիան միասին այլ կերպ անվանում են լիթոսֆերա՝ քարե պատյան։ Իսկ օվկիանոսները և ծովերը, լճերը, գետերն ու ստորգետնյա ջրերը գոյացնում են ջրոլորտը՝ Երկրի ջրային թաղանթը։ Երկրի օդային թաղանթն անվանում են մթնոլորտ։ Այն կազմված է, հիմնականում, ազոտից (78 %) և թթվածնից (21 %): Երկրի բոլոր կենդանի օրգանիզմները (միկրոօրգանիզմները, բույսերը, կենդանիները, մարդիկ) կազմում են Երկրի կենսոլորտը, նրա «կենդանի» պատյանը։ Ներկայիս կենսոլորտը կազմավորվել է երկար, միլիարդավոր տարիներ տևած զարգացման ընթացքի՝ էվոլյուցիայի, հետևանքով։ Կենսոլորտը հսկայական դեր է խաղում մարդկության կյանքում։ Բույսերը մթնոլորտը հագեցնում են թթվածնով և կենդանիների հետ միասին սնունդ են մարդու համար։ Մարդը պետք է խելամիտ օգտագործի բնական հարստությունները, այսինքն՝ բնությանը պետք է հնարավորություն տա վերականգնելու, լրացնելու իր իսկ վերցրածը։ Անհրաժեշտ է մեզ շրջապատող միջավայրը՝ օդը, ջուրը, հողը պահպանել աղտոտվելուց։ Մեր երկրում շատ բան է արվում դրա համար։ Շրջապատող միջավայրի պահպանության վերաբերյալ մենք համաձայնագրեր ենք կնքում նաև այլ երկըրների հետ։

Երկկենցաղներ

Այդպես են կոչվում, օրինակ, ձեզանից շատերին լավ ծանոթ գորտերը և տրիտոնները, որոնց միշտ էլ կարող եք տեսնել լճակում, լճում, գետում։ Բուն «երկկենցաղներ» անվանումը խոսում է այն մասին, որ այդ կենդանիներն ապրում են թե՛ ցամաքում և թե՛ ջրում։ Վաղ հասակում երկկենցաղների մեծ մասը ապրում է ջրում և ձկների նման շնչում խռիկներով։ Երբ փոքրիկ շերեփուկները մեծանում են, կորցնում են խռիկները և սկսում են շնչել թոքերով, ինչպես բոլոր ցամաքային կենդանիները։ Սակայն երկկենցաղների մաշկը բարակ է ու խոնավ և կարիք ունի, որ պարբերաբար թրջվի ջրով։ Այդ պատճառով էլ երկկենցաղները ջրից շատ չեն հեռանում։ Եթե գորտը կամ տրիտոնը երկար մնա չոր տեղում, կարող է սատկել։ Բոլոր երկկենցաղները գիշատիչներ են։ Նրանք միջատներ են որսում, որդեր ու փափկամորթներ ուտում։ Շերեփուկները սնվում են ստորջրյա բույսերով, որ կրծոտում են սուր, եղջրային ատամիկներով։ Բայց, այ, դուք երբեք չեք կարողանա տեսնել, թե ինչպես է գորտը ջուր խմում։ Պարզվում է, որ նա ջուր է «խմում» մաշկով։ Գորտը մաշկով ներծծում է ջուրը և ամենևին կարիք չունի ջուր խմելու համար բացել բերանը։ Գարնանը մեր ջրամբարներում հայտնվում են գորտաձուղպի՝ գորտի ձվերի, հատիկավոր կնձիկներ։ Գարնանային փաղաքուշ արևից տաքացած ձղպահատիկներում զարգանում են սաղմերը։ Շուտով դրանցից դուրս են գալիս ձկների մատղաշներին շատ նման փոքրիկ շերեփուկներ։ Սրանք ունեն երկար պոչ, իսկ, այ, մի նշան անգամ չկա, որ երբևէ ոտքեր կունենան։ Բայց երբ շերեփուկը մեծանում է, սկզբում երևան են գալիս նրա ետևի, ապա նաև առջևի ոտքերը։ Շերեփուկի գլխի ամեն մի կողքից ցցված են ճյուղավոր խռիկներ։ Վերջապես շերեփուկն արդեն մեծ է և պատրաստվում է ցամաք դուրս գալ։ Նրա զարմանալի կերպարանափոխությունները շարունակվում են նաև այժմ։ Խռիկներն անհետանում են, իսկ մի քիչ ավելի ուշ, արդեն ափին, վերանում է նաև պոչը։ Մեր առջև արդեն փոքրիկ մի գորտ է, որն ամենևին նման չէ շերեփուկի։ Տրիտոնների կերպարանափոխությունը կատարվում է այլ կերպ, և, որ կարևորն է, նրանց պոչը չի անհետանում։ Այդ պատճառով տրիտոններին և նրա ցեղակիցներին անվանում են պոչավոր երկկենցաղներ։ Սովետական Միության տարածքում գտնվող լճակներում կարելի է հանդիպել սովորական և սանրավոր տրիտոնների, բայց միայն գարնանը և վաղ ամռանը։ Աշնան սկզբին տրիտոնները դուրս են գալիս ցամաք և բնակություն հաստատում խոնավ տեղերում, ցերեկը թաքնվում են քարերի տակ, չոր ոստերի մեջ, իսկ որսի դուրս են գալիս գիշերը, երբ այնքան էլ շոգ չէ, ինչպես ցերեկը, և փոքր-ինչ խոնավ է։ Կարպատներում ապրող հրաշեկ սալամանդրները նույնպես պոչավոր երկկենցաղներ են։ Նրանց մարմինը ծածկված է