կլոր, հրաշեկ բծերով։ Նման գույնը նախազգուշացնում է թշնամուն, թե՝ ձեռք մի տուր ինձ, ուտելու համար ես պիտանի չեմ։ Եվ, իրոք, այդ սալամանդրի մաշկն արտադրում է կծու նյութ, որից անմիջապես կորչում է ցանկացած գիշատչի «ախորժակը»։
Անպոչ երկկենցաղները, որոնցից են, թե գորտերն ու դոդոշները, թե ծառագորտերն ու հրադոդոշները (արջնագորտերը), անհամեմատ ավելի շատ են, քան պոչավորները։
Լճերի գորտերն իրենց ամբողջ կյանքն անց են կացնում ջրամբարներում, և նրանց գույնն էլ վառ կանաչ է, ինչպես ջրամբարների ափին աճող թարմ խոտը: Իսկ խոտի և սրադունչ գորտերը ձուղպը դնելուց հետո հեռանում են դեպի անտառներ, մարգագետիններ, բանջարանոցներ ու այգիներ։ Նրանց գույնը գորշ է, որպեսզի հողի և նույն երանգի տերևների ֆոնին չնկատվեն։ Մինչդեռ ծառերի վրա ապրող երկկենցաղները՝ ծառագորտերը, կարող են «պճնվել» վառ կանաչ «շապիկներով»։ Ծառերի սաղարթի մեջ այդպիսի գեղեցկուհուն անմիջապես չես էլ նկատի։
Շատ երկկենցաղներ բարձր և, նույնիսկ, կարելի է ասել, երաժշտական ձայն ունեն։ Երեկոները հաճելի է ականջ դնել գորտերի երգչախմբին, դոդոշների կլկլոցին կամ ծառագորտերի մետաղաձայն ճիչերին։ Առանձնապես մեղեդիկ են արևադարձային մի քանի ծառագորտերի ձայները, նրանց երգը թռչնահամերգ է հիշեցնում։
Երկկենցաղները շատ օգտակար են. նրանք բազմաթիվ վնասատուներ են ոչնչացնում մեր անտառներում, այգիներում և բանջարանոցներում։
Երկկենցաղներն իրենք սնունդ են ծառայում օգտակար շատ կենդանիների համար։ Իսկ մի շարք երկրներում (օրինակ, Ֆրանսիայում) մարդիկ ևս գորտ են ուտում և այն համարում են նրբաճաշակ խորտիկ։ Այդպիսի երկրներում հարկ է լինում, անգամ,