ու չմուշկներով, և ձեր մկանները կլինեն պիրկ ու ճկուն։
Ամռան տաք, խաղաղ օրերին աշխատեցեք ավելի շատ մնալ մաքուր օդում՝ անտառում, սարում, գետի ափին։ Լողացեք, բայց ոչ կապտելու աստիճան։ Արևակեզ եղեք, բայց հետևեք, որ մաշկն արևից չվառվի։
Խաղացեք գնդակ և այլ շարժուն խաղեր։ Մեկնեցեք արշավների: Հիշեցեք, որ արևը, օդն ու ջուրը մեր ամենահավատարիմ բարեկամներն են։
Հատուկ հետազոտություններով ապացուցվել է, որ կոփված երեխաները շատ ավելի հազվադեպ են մրսում ու հիվանդանում, քան չկոփվածները։
Կոփվեցեք, ընդառաջ ելեք արևին ու քամուն։
Կռիլով Իվան Անդրեևիչ
Լենինգրադի Ամառային այգում կանգնեցված է մի հուշարձան, որի շուրջը միշտ երեխաներ են հավաքվում։ Թիկնաթոռին բազմած ծեր մարդը մտասույզ է, իսկ նրա ոտքերի մոտ բրոնզաձույլ գազաններ են շարված։ Այդ մարդը Իվան Անդրեևիչ Կռիլովն է, իսկ գազանները նրա առակների հերոսները։
Ի. Ա. Կռիլովը երկար է ապրել։ Նա գրել է մի քանի զվարճալի պիեսներ, որոնք շատ էին դուր գալիս ժամանակակիցներին։ Հրատարակել է համարձակ ամսագրեր և շատ բան է արել Պետերբուրգի հանրային գրադարանի համար, ուր ծառայել է շուրջ 30 տարի։ Բայց Կռիլովը հռչակված է իր հոյակապ առակներով։
Թե ինչ բան է առակը, դուք կարող եք իմանալ «Առակ» զրույցից։
Աշխարհում հրաշալի առակագիրներ քիչ չեն եղել։ Ռուսաստանում այդպիսի առակագիր էր Կռիլովը։
Կռիլովը միշտ գրում էր իր ժամանակների համար ամենակարևոր թեմաներով։ Նրա առակների գործող անձինք են ագահ գայլերը, անպաշտպան գառները, տապակվող ձկները, խորամանկ ու կեղծավոր աղվեսները, հիմար ու մեծամիտ սագերը, ամենազոր առյուծը... Իսկ մեծ առակագրի ժամանակակիցները հանձինս նրանց հեշտությամբ ճանաչում էին ցարական անիրավ չինովնիկներին, իրավազուրկ ռուս գյուղացիներին, հասարակ ժողովրդին արհամարհող ամբարտավան ազնվականներին և հենց իրեն՝ ցարին։ Կռիլովի առակները միշտ ժողովրդին պաշտպանող համարձակ խոսք էին։ Առակագիրը միաժամանակ ծաղրում էր անբաններին, վախկոտներին,