Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայրենիքն այդ ականավոր գիտնականին շնորհեց ամենաբարձր պարգևները։ Սերգեյ Պավլովիչ Կորոլյովը լենինյան մըրցանակի դափնեկիր էր, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, պարգևատրվել էր Լենինի երեք շքանշանով։ Տիեզերագնացության բնագավառում կատարած ակնառու աշխատանքների համար գիտնականներն ու ինժեներները պարգևատրվում են Կորոլյովի անվան ոսկե մեդալով։ Մեծ գիտնականի և կոնստրուկտորի աճյունը հանգչում է Կրեմլի պատի տակ։

Կոփում

Ձեզանից շատերը, երևի, գիտեն այս ուրախ երգը.

Ոչինչ չի թվա երբեք դժվարին,
Թե կոփվես, մարզվես դու ամբողջ տարին,
Սպորտն օդ ու ջուր դարձնես քեզ համար
Աշուն ու ձմեռ, գարուն ու ամառ:

Սպորտն ամենքին
Դարձնում է առույգ,
Լինի ալեհեր,
Ջահել, թե մանուկ:

Մարզիկը կյանքում քաջ է ու տոկուն,
Ուժ ու եռանդ է ամբարում հոգում,
Հոգսն ու ցավն է նա իրենից վանում,
Ամառ ու ձմեռ կոփվում, ամրանում:

Այո, ֆիզիկապես կոփված մարդը միշտ էլ հեշտությամբ է կատարում ամենադժվար գործը, միշտ էլ առույգ է ու կայտառ։ Այդպիսին կարող եք լինել նաև դուք, եթե սկսեք կոփել ձեր մարմինը։

Կոփվել պետք է սկսել աստիճանաբար։ Նախ, արթնացեք վաղ, միշտ միևնույն ժամին։ Հենց որ ռադիոյով լսեք. «Սկսում ենք առավոտյան մարմնամարզության դասը», իսկույն կանգնեք գորգին և սկսեք մարզանքը։ Օդանցքը պետք է բաց լինի։ Մարզանքից հետո մարմինը շփեք սառը ջրով թրջած սրբիչով։ Հետագայում կարելի է արդեն մարմինը ցողել սառը ջրով։ Իսկ եթե դուք ապրում եք գետի կամ լճի ափին, մարմինը ջրով ցողելու փոխարեն պարզապես լողացեք այնտեղ և դա շարունակեք որքան կարելի է երկար, մինչև կընկնեն ցրտերը։

Փողոց դուրս գալիս այնքան մի հագնվեք, որ իսկույն շոգեք։ Հագուստը պետք է լինի տաք, բայց և թեթև ու հարմար։ Ցուրտ օրերին չմոռանաք վզնոց կապել, որպեսզի ձեր կոկորդը չսառչի: Զբաղվեք թեթև աթլետիկայով, մարմնամարզությամբ, սահելու ելեք դահուկներով