Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կռունկ, ուստի՜ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս,
Մի վազեր, երամիդ շուտով կհասնիս,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս:

Ուշ միջնադարի անհայտ հայ հեղինակի ստեղծած այս երգը, որ առավել տարածված է Կոմիտասի հանճարեղ մշակմամբ, հայ ժողովրդի համար դարձել է հայրենիքի կարոտի և հայրենասիրության խորհրդանիշ։ Հայերի շատ սիրած թռչուններից է կռունկը։ Խորհրդանշական է, որ մայր հայրենիքից դուրս օտար ափերում լույս տեսած հայերեն շատ պարբերականներ կոչվել են նրա անունով։

Այս զրույցը մոխրագույն կռունկների մասին է։ Բացի սրանցից, Սովետական Միության տարածքում բնակվում են ևս մի քանի տեսակի կռունկներ, որոնց մեջ` խորհրդավոր ստերխ անունով ձյունաճերմակ, հրաշագեղ կռունկը։ Բայց սա շատ հազվադեպ է հանդիպում, այն էլ միայն Յակուտիայի հյուսիս-արևելքում։ Այս թռչունը խիստ պահպանության տակ է առնված։ Մեր հանրապետությունում հանդիպում են երկուսը` մոխրագույն կռունկը և գեղեցկուհի կռունկը, որի գլխին երկար, սպիտակ, հյուսերի նմանվող փետրափնջեր կան։

Կտավատ և կանեփ

Կտավատն ու կանեփը հնագույն մշակովի բույսեր են։ Ինչո՞ւ են մարդիկ մշակում դրանք։ Այս բույսերը թելատու և ձիթատու բույսեր են։ Թելը (մանրաթելը) պարունակվում է նրանց ցողուններում։ Սկզբում ցողունները թրջում են, հետո չորացնում և գզիչ մեքենայով մանրաթելն առանձնացնում ցողունի մնացած մասից (կեղևաքոլքից)։

Կանեփի մանրաթելից պատրաստում են ճոպաններ, լարաններ, բրեզենտ, պարուսին, իսկ կտավատից (կամ այլ կերպ ասած՝ վուշից)՝ գործվածքներ, սփռոցներ, թելեր, երեսսրբիչներ։ Կտավատից պատրաստված գործվածքները շատ գեղեցիկ են, լավ են ներծծում խոնավությունը և արագ էլ չորանում են։ Կտավատի ու կանեփի կեղևաքոլքն օգտագործում են թղթի և պլաստմասսաների արտադրության մեջ։ Ամենաամուր ու երկար մանրաթելը տալիս են թելատու կոչվող կտավատն ու հարավային կանեփը։

Կտավատի մշակությամբ զբաղվում են շատ երկրներում։ Թելատու կտավատ ամենից շատ ցանում են Սովետական Միությունում։ Ռուսական թելատու կտավատը շատ լավորակ է և հռչակված է ամբողջ աշխարհում։

Կտավատի ու կանեփի ձեթն ստանում են նրանց սերմերից, որոնք յուղ են պարունակում։ Հատկապես շատ յուղ կա գանգրավուշի ու միջինռուսական կանեփի սերմերում։ Ձեթն ստանում են մամլելու միջոցով` մամլիչի օգնությամբ ճզմել զատելով այն սերմերից։ Կտավատի ու կանեփի ձեթը մտնում է օլիֆի և օճառի բաղադրության մեջ, անհրաժեշտ է նաև մոմլաթի ու լինոլեումի պատրաստման ժամանակ։ Նրանց ձեթն օգտագործվում է նաև ձկան պահածոների ու հրուշակեղենի արտադրության մեջ։ Ճզմումից հետո մնացած քուսպը հիանալի կեր է։

Հայաստանում կտավատի ու կանեփի մշակությունը հայտնի է շատ հնուց՝ թե՛ իբրև թելատու և թե՛ ձիթատու բույսեր։ Նրանցից ձեթ ստանալու համար կառուցում էին յուրատեսակ ձիթագործարաններ՝ ձիթահանքեր։ Հատկապես տարածված էին կտավատի ձիթահանքերը։ Հայկական կտավատի ձեթը շատ հռչակված էր։ Մինչև օրս էլ մեր հանրապետության տարածքում պահպանվել են հատ ու կենտ ձիթահանքեր։ Այժմ հայկական ՍՍՀ-ում կտավատ մշակում են մի շարք պետական տնտեսություններում, իսկ կանեփ՝ մասնավոր անձինք։ Այդ բույսերից ժողովուրդը նաև դեղամիջոցներ է պատրաստում։

Կրակ

Կրակին կարելի է անվերջ նայել։ Հավանաբար, այդ սովորույթը մեզ անցել է մեր հեռավոր նախնիներից, որոնց համար խարույկի կրակը մի անիմանալի կենդանի էակ էր։ Նրանք «ընտելացրին» կրակն ու «բնակեցրին» իրենց տներում։ Գոյության կռվում կրակը դարձավ մարդու հզոր օգնականը։ Կրակի վրա կերակուր էին եփում, կրակով վախեցնում էին գազաններին, կրակը նրանց տաքացնում էր։ Մարդիկ կրակին երկրպագում էին իբրև աստծու, նրա մասին առասպելներ հյուսում: Հին հայերն, օրինակ, նրան մաքրագործող