Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործող սրբազան հատկություն էին վերագրում։ Մինչև այսօր էլ ժողովրդի մեջ գոյատևում է դարերի խորքից եկող տերընդեսի (տրընդեզ) տոնը, որի ժամանակ բակերում խարույկներ են վառում, պտտվում շուրջը, թռչում կրակի վրայով։ Սակայն կրակն իր մեջ միշտ նաև վտանգ էր թաքցնում։ Հնազանդությունից դուրս գալով` նա կատաղի թշնամու էր վերածվում, որը կարող էր երբեմն ամբողջ քաղաքներ ոչնչացնել։ Կրակը վերջնականապես ենթարկելու համար հարկավոր էր իմանալ նրա բոլոր գաղտնիքները։ Եվ մարդիկ իմացան։

Եկեք նստենք խարույկի մոտ և նայենք նրան։ Ահա ճարճատում ու թշթշում է կրակը նետված ճյուղը։ Դա նշանակում է, որ կրակը գոլորշիացնում է փայտի մեջ եղած ջուրը։ Հետո այդ փայտը սևանում է ու այրվում։ Այդ ընթացքում նախ շատ ծուխ է բարձրանում, հետո, երբ կրակը բոցավառվում է ամբողջ թափով, ծուխը գրեթե անհետանում է։ Ի՞նչ է տեղի ունենում։

Խարույկի ջերմությունից փայտանյութը քայքայվում է, նրանից անջատվում են ցնդող նյութերը՝ կազմված ածխածնից ու ջրածնից (նրանց անվանում են օրգանական նյութեր)։ Բարձր ջերմաստիճանում դրանք սկսում են միանալ թթվածնի հետ։ Ինչպես քիմիկոսներն են ասում, տեղի է ունենում օքսիդացում, որի ժամանակ առաջանում են ածխաթթվական գազ, ջուր, և մեծ ջերմություն է անջատվում։ Սակայն օրգանական նյութերը սկզբում լրիվ չեն օքսիդանում և գոյացնում են մեծ քանակությամբ մրի մասնիկներ։ Երբ սրանք ջերմությունից շիկանում են, ապա լույս են արձակում և առաջ բերում բոց, իսկ երբ պաղում են, առաջանում է ծուխ։ Փայտանյութն էլ, կորցնելով ցնդող նյութերը, ածխանում է, այսինքն՝ վեր է ածվում փայտածխի։ Ուժեղ տաքացնելիս ածուխն սկսում է միանալ թթվածնի հետ և այրվել։ Ավելի բարձր ջերմության դեպքում մրի մասնիկներն այրվում են մինչև վերջ, և ծուխը վերանում է։ Այսպես մի կրակից ծնվում է մի նոր կրակ: Մարդկանց անհրաժեշտ քանակությամբ ջերմություն ստանալու համար պահանջվում է հսկայական քանակությամբ վառելանյութ։ Խոր հանքահորերում ու խոշոր բացահանքերում արդյունահանում են քարածխի լեռներ։ Նավթի հորատանցքերից արտամղում են նավթի ծովեր։ Այդ ամենը պետք է ոչ միայն մեզ տաքացնելու համար։ Կրակը վառվում է էլեկտրակայանների հնոցներում։ Վառելիքն այրվում է շարժիչներում ու ռեակտիվ շարժիչներում: Նշանակում է, կրակի ուժն է, որ շարժման մեջ է դնում ավտոմոբիլները, ինքնաթիռներն ու տիեզերանավերը։ Իսկ էներգիայի աղբյուրը օքսիդացումն է, որը նյութի հետ թթվածնի միացման քիմիական ռեակցիա է։

Ճիշտ է, որ օքսիդացումը ոչ միշտ է ուղեկցվում ծխով ու կրակով։ Նախ, թթվածնին միանում են նաև չայրվող նյութերը։ Օրինակ, ժանգը երկաթի օքսիդացման արդյունք է։ Երկրորդ, օքսիդացումը կարող է ընթանալ շատ դանդաղ։ Այս դեպքում ջերմային էներգիան անջատվում է աստիճանաբար, և ոչ մի բան չի կարող բռնկել։ Դա անտեսանելի կրակ է՝ առանց ծխի, բոցի ու մրի, բայց որն, այնուամենայնիվ, ջերմություն է տալիս։

Թե ինչպես մարդիկ սովորեցին կրակ հայթայթել, դուք կարող եք իմանալ հետևյալ գրքից.

Ильин М., Пассказы о вещах.-Сто тысяч почему.-Солнце на столе.-Который час? М., «Дет. Лит.», 1968.

Կրեմլ

Ութ դար առաջ այնտեղ, ուր Նեգլիննայա գետակը թափվում է Մոսկվա գետը, բլրի վրա, ռուս իշխան Յուրի Դոլգորուկիի հրամանով կառուցվեց փոքր, փայտաշեն մի ամրոց։ Այն ժամանակ Ռուսիայում այդպիսի փոքր քաղաք-ամրոցներ շատ կային։ Եվ ոչ ոք չգիտեր ու չէր էլ կարող իմանալ, որ հենց այդ փոքրիկ քաղաքին ու ամրոցին