Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դրանք այդպես էլ կոչվում են՝ շրջիկ կրկես։

Շրջիկ կրկեսից բացի, կան նաև մշտական, «նստակյաց» կրկեսներ։ Սովետական Միության մայրաքաղաք Մոսկվայում կա երկու մշտական կրկես։ Կրկես է գործում նաև Երևանում, որի կոլեկտիվը կազմակերպվել է 1956 թ.։ Այստեղ ելույթներ են ունեցել կրկեսի ճանաչված արտիստներ, լարախաղաց Վ. Արզումանյանը, տաղանդավոր ծաղրածու Լ. Ենգիբարյանը, մինչև վերջերս իր «Քաջ Նազար» ներկայացումով հանդիսատեսներին հիացնում էր կենդանավարժ Ս. Իսահակյանը։ Հյուրախաղերով Երևան են ժամանում նաև սովետական այլ կրկեսային կոլեկտիվներ։ Դուք, հավանաբար, հաճախ եք լինում Երևանի կրկեսում, զվարճանում ու հիանում կրկեսային ներկայացումներով։ Եվ ձեզ հետ միասին սովետական կրկեսի հրաշալի արտիստներին՝ դաղստանցի լարախաղացներին, Օսեթիայի հեծելավարժներին, Միջին Ասիայի ուղտերով ակրոբատներին, ծաղրածու Օլեգ Պոպովին ծափահարում են աշխարհի գրեթե բոլոր երկրների հանդիսատեսները։

Կրոն

Դեռևս կան մարդիկ, ովքեր հավատում են, թե կյանքում հրաշքներ են լինում, այսինքն՝ այնպիսի դեպքեր, որոնց հնարավոր չէ բանական բացատրություն տալ։ Հրաշքը, նրանց կարծիքով, այնպիսի մի դեպք է, երբ մարդկանց կյանքին միջամտում են ինչ-որ զորավոր, իրական աշխարհում գոյություն չունեցող գերբնական ուժեր։ Նման գլխավոր ուժը Աստվածն է՝ ամենազոր մի էակ։ Նա է, իբր, ստեղծել ողջ աշխարհը՝ և՜ երկիրը, և՜ երկինքը, և՜ բույսերը, և՜ կենդանիները, և՜ մարդկանց։ Նա յուրաքանչյուր մարդու մասին ամեն բան գիտե, նրա ձեռքին են բոլոր մարդկանց ճակատագրերը։ Աստծու և գերբնական այլ ուժերի գոյության հավատն էլ հենց կրոնն է։ Այդ հավատը ծագել է շատ ու շատ վաղուց, դեռևս մարդկության արշալույսին, նախնադարյան մարդկանց շրջանում։ Նրանք շատ դժվար էին ապրում։ Աշխատանքի և որսի գործիքներն անկատար էին, մարդիկ դժվարությամբ էին սնունդ հայթայթում, պաշտպանվում վատ եղանակից, գիշատիչ գազաններից, հարևան ցեղերի հարձակումներից։ Նրանց հաջողություններն ու ձախորդությունները շատ բանով կախված էին լինում դեպքերի քմահաճույքից. հաջո՞ղ որս կլինի, արդյոք, բերքն առատ կլինի, թե կփչանա երաշտից կամ կարկուտից, չեն հարձակվի, արդյոք, նենգ թշնամիները։ Եվ մարդիկ հավատում էին, թե գոյություն ունեն ինչ-որ հզոր ուժեր, որոնցից կախված են մարդու և՜ բոլոր արարքների հետևանքները, և՜ ճակատագիրը։

Մարդիկ տարբեր կերպ էին պատկերացնում այդ ուժերը։ Նրանք հրաշագործ