Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատկություններ էին վերագրում բույսերին, կենդանիներին, բնության երևույթներին, ջրին, հողին, շրջապատող աշխարհը բնակեցնում չար ու բարի երևակայական ոգիներով։ Արևը համարում էին ջերմություն ու կյանք պարգևող մի աստվածություն։ Որսից, բերքահավաքից և այլ կարևոր գործեր սկսելուց առաջ մարդիկ հմայական արարողություններ՝ ծեսեր էին կատարում, որոնց օգնությամբ ջանում էին սիրաշահել աստվածներին ու ոգիներին, նրանց աջակցությունն ստանալ։ Դա էլ հենց մեր հեռավոր նախնիների կրոնն էր։

Անցնում էին տարիներ, դարեր, հազարամյակներ։ Մարդկային հասարակությունը զարգանում էր։ Նախնադարյան, իրավահավասար անդամներով ցեղերի փոխարեն ասպարեզ եկան պետություններ, որտեղ չքավոր զանգվածներն աշխատում էին, իսկ թագավորներն ու ունևոր վերնախավը՝ հարստանում նրանց աշխատանքով։ Այդ մեծավորների համար հավատն առ աստված հարմար միջոց էր ամրապնդելու իրենց իշխանությունը։ Ժողովրդին ներշնչում էին, թե աստվածներն են այդպես ստեղծել աշխարհը՝ մեկին շնորհել են հարստություն ու իշխանություն, մյուսներին դատապարտել չարքաշ աշխատանքի ու անհույս կարիքի։ Բայց փոխարենը մահից հետո աղքատներին հավիտենական երանություն է սպասվում «աստծու արքայության» մեջ։

Ժամանակի ընթացքում կրոնը ավելի ու ավելի բարդ ձևեր էր ստանում։ Երևան եկան աստծու հատուկ սպասավորներ՝ քրմեր, քահանաներ, աստվածաբաններ։ Տարբեր ժողովուրդներ տարբեր կրոններ ունեին, մարդիկ տարբեր աստվածների էին հավատում, բայց այդ հավատալիքների էությունը նույնն էր մնում։ Ժողովրդի հարստահարիչներին կրոնը հարկավոր էր նրան վախի, հնազանդության ու տգիտության մեջ պահելու նպատակով։ Դրա համար էլ եկեղեցականները հալածում էին այն գիտնականներին, ովքեր ձգտում էին ճանաչել բնության օրենքները։ Շատ երկրներում դարեր շարունակ գոյատևեց եկեղեցական դատարանը՝ ինկվիզիցիան, որը դաժանորեն պատժում էր բոլոր նրանց, ովքեր համարձակվում էին մտածել ու դատել ոչ այնպես, ինչպես սովորեցնում էր եկեղեցին։

Մարդկության ողջ պատմության ընթացքում կրոնը եղել է աշխատավոր ժողովրդին կեղեքելու միջոց։ Նա հիմա էլ նույն դերն է խաղում այն երկրներում,