Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հայրենիքին, ժողովրդին։ Նադեժդա Կոնստանտինովնան ակտիվորեն մասնակցում էր հեղափոխական շարժմանը, նա Վ. Ի. Լենինի ամենամոտ բարեկամն ու օգնականն էր։ Իսկ Մեծ հոկտեմբերից հետո իր կուսակցության ու ժողովրդի հետ կառուցում էր սովետական պետության նոր կյանքը։

Վլադիմիր Իլյիչ Լենինի հետ Նադեժդա Կոնստանտինովնան ծանոթացել էր 1894 թ.։ Առաջին իսկ օրից նրանց միջև հաստատվեց ջերմ բարեկամություն, ընդհանուր էին նաև հայացքները, և այդ ամենը լուսավորվեց սիրո մեծ զգացմունքով։ Այդ ժամանակից էլ երեսուն տարի շարունակ Նադեժդա Կոնստանտինովնան Իլյիչի կողքին էր, օգնում էր նրան կուսակցություն ստեղծելու գործում։ Հեղափոխական գործունեության համար բանտ է նետվել, եղել է աքսորում։ Երկար տարիներ Վլադիմիր Իլյիչի հետ ապրում էր արտասահմանում՝ այնտեղից ամուր կապեր հաստատելով Ռուսաստանի բանվորների, ընդհատակում գործող կուսակցական գործիչների հետ։

Նադեժդա Կոնստանտինովնան օժտված էր զարմանալի աշխատունակությամբ: Այժմ հայտնի են նրա մոտ 4 հզ. հրատարակված աշխատանքները։ Կյանքի վերջին տարում, ծանր հիվանդ վիճակում, նա գրեց 2500 նամակ, 172 անգամ հանդես եկավ միտինգներում, խորհրդակցություններում, երեկույթներում։

Մարդկությունը միշտ երախտապարտ կմնա նրան «Հիշողություններ Լենինի մասին» երկի համար, ուր ցայտուն պատկերված է հավերժ կենդանի Իլյիչը։

Նադեժդա Կոնստանտինովնան խոշոր գիտնական էր։ Նա մեծ ավանդ ունի սովետական մանկավարժության՝ աճող սերնդի կոմունիստական դաստիարակության մասին գիտության, զարգացման գործում։ Նա ժողովրդական կրթության սովետական համակարգի ստեղծողներից է: Նադեժդա Կոնստանտինովնան շատ ուժ ու գիտելիքներ է նվիրել երիտասարդությանը, օգնել ստեղծելու պիոներական դրուժինաներ։

Նամակներից մեկում Կրուպսկայան գրել է. «... ես անչափ երջանիկ եմ, որ ինձ բախտ վիճակվեց ապրել հեղափոխությունը, շատ եմ սիրում իմ այժմյան աշխատանքը, լավ անձնական կյանք եմ ապրել... Բոլոր տարիներին կյանքը հորդել է աղբյուրի պես... Եվ եթե նորից սկսեի կյանքս, քիչ բան կկամենայի փոխել...»։ Դա, իրոք, գեղեցիկ կյանք էր, մի կյանք, որն ամբողջովին նվիրված էր ժողովրդին։

Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայայի մասին կարդացեք հետևյալ գիրքը
Воскресенская З. И., Пароль - Надежда, М., «Дет. лит.», 1972.


Կուբա

(Կուբայի Հանրապետություն)

Մեր երկրից հեռու-հեռու, Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսային Ամերիկային շատ մոտիկ կա մի փոքրիկ կղզի։ Օդանավից նայելիս կղզին, ասես, կանաչ մողես լինի, որ լողում է Կարիբյան ծովի ալիքների մեջ ու տաքանում արևի պայծառ ճառագայթների տակ։ Կուբայի ցանկացած բնակիչ, որտեղ էլ որ նա ապրելիս լինի, կարող է ավտոբուսով հասնել ծովափ, ուզածի չափ լողանալ և նույն օրն էլ տուն վերադառնալ,