կկիրառվեին։ Վատ է նաև այն, որ կուտակիչները դեռևս շատ մեծածավալ են ու ծանր։ Այժմ գիտնականները ջանում են ստեղծել թեթև ու հզոր կուտակիչներ, որոնք հնարավորություն կտան, օրինակ, ավտոմոբիլի բենզինային շարժիչը փոխարինել էլեկտրական շարժիչով։ Ինքներդ էլ գիտեք, որ, երբ շարժիչում բենզին է այրվում, անջատվում են վնասակար արտանետվող գազեր։ Կուտակիչով աշխատող մեքենան գազեր չի արտանետի, և քաղաքի օդն ավելի մաքուր կլինի։
Բացի էլեկտրականից, կան նաև էներգիայի հիդրավլիկական, ջերմային և իներցիոն կուտակիչներ։ Ավիամոդելի ռետինե շարժիչն, օրինակ, իներցիոն (իներցիայի օգտագործմամբ աշխատող) կուտակիչ է։
Կուտուզով Միխայիլ Իլլարիոնովիչ
1812 թ. հունիսին ֆրանսիական կայսր Նապոլեոն Բոնապարտի բանակը ներխուժեց Ռուսաստանի սահմանները։ Սկսվեց հայրենական պատերազմ։ Նապոլեոնի զորքը ավելի մեծաթիվ էր, քան ռուսականը։ Ֆրանսիացիներն արդեն երկրի խորքն էին հասել, երբ ռուսական բանակի հրամանատար նշանակվեց փառաբանված զորավար, Սուվորովի աշակերտ և զինակից Միխայիլ Իլլարիոնովիչ Կուտուզովը։
Եվրոպայի ամենամեծ և ուժեղ բանակներին հաղթած Նապոլեոնն անհանգստացավ։ Նա լավ գիտեր Կուտուզովի զորավարական տաղանդի մասին։ Դեռևս 1805թ. Ռուսաստանը, դաշնակցած ուրիշ պետությունների հետ, հանդես էր եկել նապոլեոնյան զորքերի դեմ, որոնք զավթողական պատերազմ էին մղում Եվրոպայում։ Աուստերլից քաղաքի մոտ տեղի էր ունեցել վճռական ճակատամարտ, որն ավարտվել էր ֆրանսիական բանակի հաղթանակով։ Նապոլեոնը գիտեր, որ եթե ռուսական ցար Ալեքսանդր Առաջինն այն ժամանակ լսեր Կուտուզովի խորհուրդը, օգնական ուժերի սպասեր և հետո միայն հարձակվեր, ապա ռուսական զորքը չէր պարտվի։ 1812 թ. հայրենական պատերազմից քիչ առաջ Կուտուզովը Դանուբի վրա հաջող մարտեր էր մղել թուրքերի դեմ ու հասել Ռուսաստանի համար շահավետ հաշտության պայմանագրի ստորագրման։ Եվ հիմա Ռուսաստանը հարկադրված չէր միաժամանակ կռվելու երկու թշնամու դեմ։ Ահա թե ինչու Նապոլեոնն անհանգստացավ, երբ իմացավ Կուտուզովի՝ գլխավոր հրամանատար նշանակվելու մասին։
Կուտուզովը որոշեց Նապոլեոնի դեմ ճակատամարտ տալ Մոսկվայից ոչ շատ հեռու գտնվող Բորոդինո գյուղի մոտ։ 1812 թ. օգոստոսի 26-ին այստեղ տեղի ունեցավ Բորոդինոյի նշանավոր ճակատամարտը։ Նապոլեոնը կորցրեց իր զինվորների ու սպաների գրեթե կեսը։ «Իմ բոլոր ճակատամարտերից ամենասարսափելին այն մարտն էր, որ ես մղեցի Մոսկվայի մոտ»,-հետագայում հիշում էր նա։
Բայց ռուսները ևս այս ճակատամարտում շատ մարդ կորցրին և հարկադրված էին դարձյալ նահանջել։ Մերձմոսկովյան Ֆիլի գյուղում, որն այժմ Մոսկվայի մի մասն է,