Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վտարեցին Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայից՝ հեղափոխական ակտիվ ու համարձակ գործունեություն ծավալելու համար: Ութ անգամ նա ձերբակալվել է, չորս անգամ աքսորվել Արևելյան Սիբիր, որտեղ շարունակել է հեղափոխական աշխատանք տանել։ 1917 թ. հոկտեմբերյան օրերին Կույբիշևը Սամարայում բանվորների զինված ապստամբության կազմակերպիչներից էր, սովետական իշխանություն հաստատողներից մեկը։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ նա Մ. Վ. Ֆրունզեի հետ ղեկավարել է կարմիր բանակի հարավային խմբավորման զորքերը, մասնակցել Թուրքեստանի ազատագրմանը, ամրապնդել սովետների իշխանությունը Միջին Ասիայում։ Քաղաքացիական պատերազմից հետո Կույբիշևը աշխատանքային ճակատի մարտիկների ու կազմակերպիչների առաջին շարքերում էր։ Նա առաջին հնգամյա պլանների կազմման անմիջական մասնակիցներից է. այդ պլաններով կառուցվում էին նոր քաղաքներ, գործարաններ, էլեկտրակայաններ։ Կույբիշևը մեծ ավանդ ունի սովետական արդյունաբերության զարգացման, էլեկտրիֆիկացիայի լենինյան ծրագրի կենսագործման մեջ։ Վալերիան Վլադիմիրովիչ Կույբիշևը կոմունիզմի կառուցման համար պայքարող բոցաշունչ մարտիկ էր, հավատարիմ լենինյան և իր բոլոր ուժերն ու գիտելիքները նվիրաբերեց բանվոր դասակարգի գործի հաղթանակին, ժողովրդի երջանկությանը:

Կուտակիչ

Կուտակիչը մի սարք է, որն էլեկտրականություն է կուտակում։ Ամենապարզ կուտակիչը կազմված է ծծմբական թթվով լի անոթի մեջ ընկղմված կապարե երկու թիթեղներից։ Էլեկտրականություն կուտակելու համար կուտակիչը լիցքավորում են, այսինքն՝ նրա միջով բաց են թողնում էլեկտրական հոսանք։ Հետևանքը լինում է այն, որ կապարե թիթեղի վերին շերտը փոխարկվում է այլ նյութի՝ կապարի օքսիդի։ Այժմ արդեն կարելի է կուտակիչին լամպ կամ էլեկտրաշարժիչ միացնել, կապարի օքսիդն սկսում է նորից կապարի փոխարկվել, տալիս է իր կուտակած էներգիան, լամպը վառվում է, էլեկտրաշարժիչը՝ պտտվում։ Երբ կուտակիչը տալիս վերջացնում է իր ամբողջ պաշարը, այն նորից են լիցքավորում, և կուտակիչը նորից սկսում է աշխատել։ Կուտակիչներն օգտագործում են այնտեղ, ուր հնարավոր չէ էլեկտրականություն հասցնել հաղորդալարերով։ Ահա, օրինակ, գործարանի բակով կամ երկաթուղային կայարանի կառամատույցով շարժվում է էլեկտրասայլակը, իսկ նրա շարժիչն աշխատում է կուտակիչի էլեկտրականությամբ։ Որպեսզի ավտոմոբիլի շարժիչն աշխատի, անհրաժեշտ է նախ այն պտույտի մեջ դնել։ Դա անում է ընթացաշարժիչը (ստարտերը), որը սնվում է կուտակիչի էլեկտրաէներգիայով։ Ոչ ատոմային սուզանավերը ջրի տակ լողում են այն բանի շնորհիվ, որ նրանց թիապտուտակները շարժման մեջ են դրվում հսկա, մարդահասակ կուտակիչների էներգիայով սնվող շարժիչներով։ Տիեզերանավերը նույնպես չեն կարող առանց կուտակիչի, որովհետև այնտեղ տեղակայված են էլեկտրականության կարիքն զգացող բազմաթիվ սարքեր՝ ընդունիչներ, հաղորդիչներ, կառավարող մեխանիզմներ, էլեկտրալամպեր։ Քանի դեռ տիեզերանավը թռչում է Երկրի՝ Արեգակից լուսավորված կողմով, էլեկտրականություն է ստանում լույսը էլեկտրաէներգիայի փոխակերպող արևային մարտկոցներից։ Իսկ երբ տիեզերանավն անցնում է Երկրի չլուսավորված՝ գիշերային կողմը, սկսում են աշխատել արևային մարտկոցներից լիցքավորված կուտակիչները։ Կուտակիչներից ստացվող էլեկտրականությունը շատ թանկ արժե։ Չլիներ այդ թանկությունը, կուտակիչներն ավելի հաճախ